Սրտի հիվանդությամբ աղջկան պարբերաբար փրկում է իր «պահապան հրեշտակ» սև կատուն
Աղջիկը, ով սրտի ծանր հիվանդություն ունի, հավատում է, որ իր կատուն` պահապան հրեշտակ է, ով փրկում է իր կյանքը, հաղորդում է The Daily Mail-ը:
Շոտլանդական Միդլոտիան քաղաքում բնակվող 13-ամյա Մարիա Գիլլոնը սրտի ռիթմի հետ կապված լուրջ խնդիր ունի: Պարբերական տախիկարդիան աղջնակին սաստիկ ցավ է պատճառում, և եթե ժամանակին չկանգնեցվի նոպան, Մարիան, կարող է մահանալ:
Երեխան հատկապես խոցելի է գիշերը: Երբեմն սաստիկ ցավից նա չի կարողանում շարժվել և օգնություն կանչել: Փառք Աստծո, երեխան յուրահատուկ կատու ունի, որը պարբերաբար փրկում է իր կյանքը:
Պերլա անունով սև կատուն Գիլլոնների ընտանիքում ապրում է 2 ամսեկանից:
Կատուն աղջկանից ոչ մի քայլ չի հեռանում և մի քանի անգամ բառացիորեն Մարիային հետ է բերել այն աշխարհից: Ամեն անգամ, երբ նրա մոտ հերթական գիշերային նոպա է լինում, Պերլան վազում է աղջկա մոր սենյակ և կծոտում ոտքերի մատեը այնքան, որ կինը արթնանա և փրկի աղջկան:
Մի անգամ Պերլա կատուն մեքենայի տակ է ընկել, և երբ Մարիան ու իր մայրը կատվին կլինիկա էին տանում, վախենում էին, որ կկորցնեն հավատարիմ ընկերոջը: Վնասվածքները չափազանց լուրջ էին: Սակայն, ի զարմանս Գիլլոնների և բժիշկների, սև կատուն արագ վերականգնվել է և կրկին սկսել է խնամել ու փրկել աղջկան:











