Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին հարցաքննությունից հետո հեռացել է ՆԳՆ շենքից
Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին հարցաքննությունից հետո ազատ է արձակվել և հեռացել է ՆԳՆ շենքից, ուր կանչվել էր կեղծ անձնագիր օգտագործելու կասկածանքով՝ Վրաստանից Հայաստանի սահմանը հատելու ժամանակ, հաղորդում է Грузия Online-ը:
Грузия Online-ի տեղեկությունների համաձայն, քննությունը չի կարողացել նրան մեղքը հաստատող որևէ ծանրակշիռ փաստ ներկայացնել:
Մերաբիշվիլին հրաժարվել է լրագրողների հարցերին պատասխանել հարցաքննությունից հետո:
«Իմ՝ ոստիկանությունում լինելը խորհրդանշական էր: Սիրտս հպարտությամբ է լցվում, երբ վերակարգ եմ տեսնում: Ցավոք սրտի, Իվանիշվիլին ՆԳՆ-ն և ոստիկանությունը օգտագործում է որպես ընդդիմության դեմ ռեպրեսիվ մեքենա», - ասել է Մերաբիշվիլին:
Հիշեցնենք, որ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ նախօրեին Մերաբիշվիլին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում Երևան ուղևորվելիս սահմանը հատելու ժամանակ ներկայացրել էր անձնագիր՝ իր լուսանկարով, սակայն ոմն Լևան Մայսուրաձեի անունով։
Երբ սահմանային ոստիկանության ներկայացուցիչը սկսել է պարզել ստեղծված իրավիճակը, Մերաբիշվիլին ներկայացրել է մեկ այլ անձնագիր՝ այս անգամ իր անունով։ Նրան թույլատրվել էր հատել սահմանը՝ այցը չտապալելու նկատառումով։
Ինքը Վանո Մերաբիշվիլին տվյալ մեղադրանքը որակել էր որպես գործող իշխանությունների «հերթական աբսուրդ»:
«Ես ցանկանում եմ դիմել Բիձինա Իվանիշվիլիին (Վրաստանի վարչապետ)` մեր թիմին հնարավոր չէ վախեցնել սպառնալիքներով, սադրիչ հարցաքննություններով և ձերբակալություններով: Ես և իմ թիմը կշարունակենք պայքարը մեր երկրի համար: Ես պատրաստ եմ գնալ ուր պետք է, պատասխանել բոլոր անհրաժեշտ հարցերին և միևնույն ժամանակ կշարունակեմ պայքարը մեր Վրաստանի համար», - ասել է Մերաբիշվիլին մինչև ՆԳՆ շենք մտնելը:










