Վրաստանի նախկին վարչապետ Մերաբիշվիլին Երևանից վերադառնալով՝ ՆԳՆ հարցաքննության է ներկայացել

19:57 • 01.12.12

Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին, ում երկրի ՆԳՆ-ն մեղադրում է կեղծ փաստաթղթեր օգտագործելու և պետական սահմանն ապօրինի հատելու փորձի մեջ, ժամանել է գերատեսչություն` հարցաքննության, հաղորդում է РИА Новости գործակալությունը:

 

Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչ Նինո Գիորգոբիանիի փոխանցմամբ` նախօրեին Մերաբիշվիլին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում Երևան ուղևորվելիս սահմանը հատելու ժամանակ ներկայացրել էր անձնագիր՝ իր լուսանկարով, սակայն ոմն Լևան Մայսուրաձեի անունով։


Երբ սահմանային ոստիկանության ներկայացուցիչը սկսել է պարզել ստեղծված իրավիճակը, այդ ժամանակ Մերաբիշվիլին ներկայացրել է մեկ այլ անձնագիր՝ արդեն իր անունով։ Նրան թույլատրվել է հատել սահմանը՝ այցը չտապալելու նկատառումով։

 

«Ես ցանկանում եմ դիմել Բիձինա Իվանիշվիլիին (Վրաստանի վարչապետ)` մեր թիմին հնարավոր չէ վախեցնել սպառնալիքներով, սադրիչ հարցաքննություններով և ձերբակալություններով: Ես և իմ թիմը կշարունակենք պայքարը մեր երկրի համար: Ես պատրաստ եմ գնալ ուր պետք է, պատասխանել բոլոր անհրաժեշտ հարցերին և միևնույն ժամանակ կշարունակեմ պայքարը մեր Վրաստանի համար», - ասել է Մերաբիշվիլին մինչև ՆԳՆ շենք մտնելը: