Սիլիկոնե կուրծքը փրկել է կանադուհու կյանքը
Կանադայի բնակչուհին պնդում է, որ նա ողջ է կրծքի իմպլանտի շնորհիվ, որը փրկել է նրան ատրճանակի գնդակից, հաղորդում է The Daily Mail-ը:
Դատարանում նախկին սիրեկանի գործով Էլին Լայքնեսը վկայություն է տվել, որ եթե չլինեին իմպլանտները, նա ծանր վնասվածք կստանար և նույնիսկ կարող էր զոհվել:
Կինը պատմել է, որ որոշել էր բաժանվել իր սիրեկանից` 61-ամյա Ֆերնանդո Խորայից, նրան մեքենայից իջեցնելով: Վիճաբանության թեժ պահին, Խորան հանել է ատրճանակը և կրակել Էլինին: Գնդակն անցել է ձախ ուսով, ձախ իմպլանտով և դուրս եկել աջ կրծքով:
Էլինը կարողացել է հասնել մոտակա ճաշարան, որտեղից շտապ օգնություն են կանչել: Վերականգնման կուրս անցնելով և բժիշկների թույլտվությունից հետո, կինը նորից կրծքի մեծացման վիրահատության է դիմել:
The Daily Mail-ը նշում է, որ վերջին տարիներին համանման մի քանի դեպք է գրանցվել, երբ սիլիկոնե կրծքերը փրկել են դրանք կրողների կյանքը: 2009թ. Լոս Անջելեսի բնակչուհի Լիդիա Կարանզան ողջ է մնացել, երբ իր հետ ծառայողներից մեկը գրասենյակում կրակ է բացել որսորդական հրացանից: 2006թ. Իսրայելում էլ իմպլանտները փրկել էին 24-ամյա կնոջը լիբանանյան հրթիռի բեկորներից:











