Սիրիայում հակամարտությունը վառ արտահայտված միջհարանվանական բնույթ է ստանում. Ռուսաստանի ԱԳՆ

23:59 • 01.12.12

Ռուսաստանը անհանգստացած է այն հանգամանքով, որ Սիրիայի հակամարտությունը վառ ընդգծված կերպով միջհարանվանական հարթություն է անցել: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գենադի Գատիլովը Սիրիայի ԱԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Ֆեյսալ Միքդադի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Ինչպես նշել են ռուսական դիվանագիտական գերատեսչությունում, հանդիպման ժամանակ քննարկվել է «Սիրիայի իրավիճակը և այդ երկրում հակամարտության կարգավորմանը ուղղված քաղաքական-դիվանագիտական քայլերի մեկնարկի հնարավորությունները»:


«Գատիլովը լուրջ մտահոգություն է հայտնել Սիրիայում իրավիճակի էսկալացիայի համար, որի հետևանքով բազմապատկվում են խաղաղ բնակչության շրջանում զոհերը, վատթարանում է հումանիտար իրավիճակը, անդառնալի վնաս է հասցվում Սիրիայի ենթակառուցվածքներին և մշակութա-պատմական ավանդին», - նշել են նախարարությունում: Ռուսաստանին հատկապես անհանգստացնում է այն, որ հակամարտությունը վառ ընդգծված միջհարանվանական հարթություն է տեղափոխվում»:


«Բացի այդ, իրավիճակը վատթարանում է նրանից, որ երկրում կտրուկ ակտիվացել է ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը` «Ալ Կաիդան» և գաղափարապես իրեն մոտ ծայրահեղական խմբերը», - նշել է Գատիլովը:


Ռուսաստանի արտգործնախարարությունը հավաստել է, որ ՌԴ-ն կշարունակի աշխատել Սիրիայի կառավարության և ընդդիմադիր շարժման հետ՝ երկրում առկա հակամարտությունը քաղաքական ճանապարհով հարթելու նպատակով: