Արման Սահակյանն իր կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ լուրեր տարածողներից ներողություն է պահանջում (տեսանյութ)

15:06 • 02.12.12

Թիվ 35 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը նշված ընտրատարածքում իր օգտին ընտրակաշառք բաժանելու մասին լուրերն անվանում է պատեհապաշտության արդյունք, և դրանք տարածողներից պահանջում ներողություն խնդրել։ «Նման բան չի կարող լինել։ Լուրեր են շրջանառվում թե իբր տեսանյութերի և այլ փաստերի ձևով ապացույցներ ունեն, որ իմ կողմնակիցները ընտրակաշառք են բաժանել։ Այդ ամենը պարզունակ սուտ է։ Մենք պահանջում ենք, թող բերեն, ներկայացնեն այդ փաստերը։ Կամ պիտի ներողություն խնդրեն»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Արման Սահակյանը։


Tert.am-ի հետ զրույցում Արման Սահակյանի մամուլի քարտուղար Աննա Թադևոսյանը, նշեց, որ իրենց կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ լուրը տարածվել է galatv.am կայքում՝ «Արման Սահակյանը կաշա՞ռք է բաժանում» վերնագրված նյութի ներքո։ Դրանում ներկայացվում է թիվ 35-ում Արման Սահակյանի մրցակից, Գյումրիի ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանի հետ հարցազրույցից մի տեսանյութ, որում վերջինս խոսում է մի շարք ընտրատարածքներում ընտրախախտումների և ինչ-որ փաստերի մասին՝ լուսանկարների և տեսանյութերի տեսքով, որոնք Մ. Գրիգորյանը խոստանում է ներկայացնել ամփոփելուց հետո։


Ըստ Աննա Թադևոսյանի, թեև, ո՛չ նշված հոդվածում, ո՛չ տեսանյութում Մուրադ Գրիգորյանի խոսքում ընտրակաշառքի մասին ոչինչ չի հնչում, այնուամենայնիվ, նյութի վերնագրում դրա մասին ակնարկվում է, թեև վերնագիրը կազմված է հարցադրման, և ոչ թե պնդման տեսքով։ Աննա Թադևոսյանը նկատում է, որ ընտրակաշառքի մասին միակ հիշատակումը տեսանյութի վերջնամասում մի քաղաքացու խոսքում է, որում նա ասում է. «Ընտրակաշառք էլ բաժանեն, միլիոնը, հարյուր միլիոնները մեզի պեսներին պետք չէ, ում որ պետք է, թող նա էլ վերցնի»։ Այս նախադասությունը, ըստ նրա, հիմք չի տալիս ընտրակաշառք բաժանելու մեղադրանք ներկայացնել, նույնիսկ հարցադրման տեսքով։


«Այսինքն, կա՛մ նյութի վերնագիրը կազմվել է ակնհայտ շփոթեցնող և իրականությանը չհամապատասխանող ձևով, կա՛մ հոդվածից ու տեսանյութից դուրս է մնացել ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ կոնկրետ փաստը»,- Tert.am-ին ասաց Աննա Թադևոսյանը։