Այսօր ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններ են անցկացվում Երևանում և Գյումրիում

08:14 • 02.12.12

Այսօր հանրապետության երկու քաղաքներում՝ Երևանում և Գյումրիում, Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններ են. մայրաքաղաքում՝ թիվ 1, իսկ Գյումրիում՝ թիվ 35 ընտրատարածքներում:


Թիվ 35 ընտրատարածքում գրանցված թեկնածուներն են՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ, «Սովռանո» ՍՊԸ-ի տնօրեն Արման Սահակյանը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից և «Հայոց Համազգային շարժումից»՝ Մուրադ Գրիգորյանը: Իսկ նախկին ինքնաառաջադրված թեկնածու Արման Խաչատրյանը, ով «Վիդիս դիսթրիբյուշն» ընկերության շուկայի զարգացման պատասխանատուների խմբի ղեկավարն է, հանդես է եկել ինքնաբացարկով:


Թիվ 35 ընտրատարածքում, որն ընդգրկում է Շիրակի մարզի 16 համայնքներն, ինչպես նաև Գյումրի քաղաքի մի մասը, ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններ նշանակվեցին այս ընտրատարածքում Սամվել Բալասանյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու և Գյումրիի քաղաքապետի լիազորությունները ստանձնելուց հետո:


Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց թիվ 35 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գուրգեն Մալխասյանը, վերջին ճշտված ընտրացուցակներով այս ընտրատարածքում ընտրողների թիվը 55 571 է, իսկ ընտրատարածքների թիվը՝ 45:


Ինչ վերաբերում է թիվ 1 ընտրատարածքին, այստեղ առաջադրվել են ՀՀԿ-ից՝ Ռոբերտ Սարգսյանը, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է, «Ժառանգությունից»՝ կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, «Հայաստանի կանաչների միությունից»՝ Արմենակ Դովլաթյանը և ինքնաառաջադրված գործազուրկ Էդուարդ Պետրոսյանը՝ Հայաստանի ժողովրդական կուսակցությունից:


Հիշեցնենք, որ Ավանում գրանցված չորրորդ թեկնածուն՝ «Հայաստանի կանաչների միության» նախագահ Արմենակ Դովլաթյանը հանդես եկավ ինքնաբացարկով:


Այս ընտրատարածքում պատգամավորական լրացուցիչ ընտրություններ անցկացնելու մասին որոշում կայացվեց, երբ այս տարվա սեպտեմբերի 28-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, այս ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով մայիսի 6-ին պատգամավոր ընտրված Ռուբեն Հայրապետյանը հրաժարական տվեց:


Ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց թիվ 1 ընտրատարածքի նախագահ Գեղամ Հայրապետյանը՝ այս ընտրատարածքում ընտրողների թիվն է՝ 64 758:


Դեկտեմբերի 2-ին ԱԺ լրացուցիչ ընտրությունները կդիտարկեն տեղական «Շահեն» (129 դիտորդ), «Իրավակիրթ հասարակություն» (10) և «Հաշմանդամների «փարոս» կրթության և մշակույթի զարգացման կենտրոնը»՝ (4) կազմակերպությունների դիտորդները: