Նորքում խոչընդոտել են քվեարկությունը լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի աշխատանքը (տեսանյութ)
Թիվ 1 ընտրատարածքում Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններին պատգամավոր թեկնածու առաջադրված Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբը տեղեկացնում է, որ Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանների առջև թաղի խուժանը հարձակվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Իրինա Հովհաննիսյանի վրա։
«Ֆեյսբուքում» Սաֆարյանի նախընտրական շտաբի տարածած հայտարարության համաձայն՝ լրագրողն այդ ժամանակ իր մասնագիտական գործունեության շրջանակներում տեսանկարահանում էր տարածքը, երբ նրանցից մեկը ցուցակը ձեռքին կազմակերպում էր երթուղային տաքսիներով «ցուցակագրված ընտրողների» տեղափոխումը տեղամաս:
«Մի պահ լրագրողի ձեռքից խլվել է նաեւ տեսագրող-ձայնագրող սարքը և քիչ անց վերադարձվել: Այս միջադեպի մասին հանդես կգանք հավելյալ մեկնաբանությամբ»,– ասվում է հայտարարությունում:










