Ողջի գետն արդեն բավականին անբարենպաստ վիճակում է. բնապահպան

09:15 • 02.12.12

Ողջին բավականին անբարենպաստ վիճակում է, և դա շատ լուրջ վտանգ է, որովհետև գետի ջրով են ոռոգվում դաշտերը, ինչը կարող է գյուղատնտեսական ապրանքների աղտոտվածություն առաջ բերել: Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական տվեց բնապահպան Կարինե Դանիելյանը՝ խոսելով «Դինո Գոլդ մայնինգ Քամփընի» ՓԲԸ-ի օգտագործման ներքո գտնվող պոչամբարի վթարի պատճառով թափոնաջրերի՝ Ողջի գետի Գեղանուշ վտակ թափվող հնարավոր վնասի մասին:


«Հաշվի առնելով այն ձեռնարկությունը, որտեղ տեղի է ունեցել վթարը, թափոնները կարող են լինել ծանր մետաղներ, այլ թունավոր նյութեր, որոնք օգտագործվում են ոսկին կորզելու համար»,- ասաց Կարինե Դանիելյանը:


Բնապահպանի խոսքով, Սյունիքն առանց այն էլ խիստ տուժած ռեգիոն է, իսկ սա, փաստորեն, լրացուցիչ շատ լուրջ հարված կարող է հասցնել:


«Եթե արդեն արտահոսքը տեղի է ունեցել` ոչինչ անել հնարավոր չէ, դա ակնհայտորեն կվնասի գետի կենդանական աշխարհին։ Բացի այդ, հնարավոր է Հայաստանի հարևանները բողոքեն»,- ասաց Կարինե Դանիելյան:


Իսկ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ սա արդեն այս ամսվա մեջ երրորդ նմանատիպ վթարն է Կապանում:


Նշենք, որ երեկ կեսօրին մոտ iravaban.net կայքը ահազանգ տարածեց, որ Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Արշավիր Խալափյանը հայտնել է այն մասին, որ «Դինո Գոլդ մայնինգ Քամփընի» ՓԲԸ-ի օգտագործման ներքո գտնվող պոչամբարը սպասարկող խողովակաշարը` Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի քաղաքամերձ հատվածում նոյմբերի 30-ի լույս դեկտեմբերի 1-ի գիշերը վնասվել է, որի հետևանքով խողովակաշարով հոսող թափոնաջրերը նշված ճանապարհով սկսել են հոսել և խառնվել Գեղանուշ գետի ջրերին: