Մոսկվայում ծառեր են «հատվել»՝ ի պաշտպանություն բնապահպան Գազարյանի
Մոսկվայում ռուսաստանցի բնապահպանները թատերականացված ակցիա են անցկացրել՝ ի պաշտպանություն իրավապահների թիրախ դարձած Սուրեն Գազարյանի և Եվգենի Վիտիշկոյի: Վերջիններս կարող են ազատազրկման մեջ հայտնվել իրենց բնապահպանական գործունեության համար: Այս մասին հայտնում է Дождь հ/ը-ն:
Հենց նրանք էին ուշադրություն հրավիրել պաշտոնյաների ապօրինի շինարարության վրա Սև ծովի ափերին: Դրանից հետո Գազարյանը մեղադրվել էր պետպաշտոնյայի գույք փչացնելու համար: Նրան պայմանական ազատազրկել էին 3 տարով: Այժմ նրան նոր մեղադրանք է ներկայացվել, որը հայազգի բնապահպանին սպառնում է 2 տարով ազատազրկումով:
Հո Շի Մինի հրապարակում անցկացված արտասովոր պիկետի ժամանակ ցուցարար-բնապահպանները խորհրդանշական ծառեր են «հատել»՝ ցույց տալու, թե ինչպես է աշխատում դատական համակակարգը: Հնչել են նաև հետևյալ վանկարկումները. «Դատարանը սարքում է Գազարյանի գլխին», «Մի ցանկապատ կա, ցանկապատի հետևում՝ ամառանոց, տերը Տկաչովն է (Կուբանի նահանգապետ Ալեքսանդր Տկաչով - Tert.am)»:










