Ընտրությունների ոչ ազատ, ոչ թափանցիկ և ոչ ժողովրդավար բնույթը հաստատվեց. Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը

20:55 • 02.12.12

Թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել՝ գնահատելով ընտրությունների արդյունքները։ 

Ներկայացնում ենք այն ստորև


Սիրելի հայրենակիցներ,
Ավարտվեց թիվ 1 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով ԱԺ լրացուցիչ ընտրությունների քվեարկության փուլը:
Ընտրական տեղամասերի բացվելուց ի վեր արձանագրվեցին ընտրախախտումներ, որ հետզհետե ձեռք բերեցին զանգվածային ծավալներ: Դեռ մինչև ընտրութունը մենք ահազանգել էինք ԿԸՀ` պահանջելով կանխել մայիսյան ընտրություններում դրոշմակնիքների հետ կատարվածը: Դա չարվեց: Նորից դրոշմակնիքները զանգվածաբար անհետանում էին անձնագրերից:

Երթուղային ուղեգծերի և տաքսի ծառայությունների բազմաթիվ մեքենաներ տրամադրվել էին ընտրողներին խմբերով քվեարկության տանելու` ակնհայտ ուղղորդումով: Բազմաթիվ ընտրատեղամասերում արձանագրվել են ընտրողների կուտակումներ: Ի վերջո արձանագրվեց նաև քվեարկողների ցածր մասնակցություն:


Դեռ քարոզարշավում ի հայտ եկած զանգվածային օրինախախտումները նույնական շարունակություն և ավարտ ունեցան ընտրատեղամասերում` հաստատելով ընտրությունների ոչ ազատ, ոչ թափանցիկ և ոչ ժողովրդավար բնույթը: Պատկերն ամբողջանալուց հետո կդիտարկենք ընտրության արդյունքները վիճարկելու հիմքերը:
Մինչ այդ շնորհակալություն ենք հայտնում ընտրողներին, ովքեր առանց ճնշման և ուղղորդման մասնակցեցին ընտրություններին, և հատկապես նրանց, ովքեր իրենց ձայնը տվեցին մեզ:

Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբ