Թիվ 1 ընտրատարածքում ոչ բոլոր ընտրողներն են ծանուցվել ընտրությունների մասին. հանձանաժողովի նախագահ

12:40 • 02.12.12

Թիվ 1 ընտրատարածքի ոչ բոլոր ընտրողներն են ծանուցվել ընտրությունների մասին և նրանցից շատերը անգամ տեղյակ չեն, որ այսօր Նոր Նորք և Ավան վարչական շրջաններում ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ են ընթանում: Tert.am-ին այս մասին տեղեկացրեց 1/27 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Դանիել Իոանսսյան։


«Բավականին պասիվ է, երկու ժամվա ընթացքում 30-31 ընտրող ենք գրանցել: Դժվար է ասել, թե ինչով է պայմանավորված, բայց հնարավոր է, որ ուղիղ կապ ունենա ծանուցագրերը պատշաճ չուղարկելու հետ»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ այսօր թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում անցկացվում են Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ։ Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված են «ժառանգություն» կուսակցության կողմից նույն կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը և ՀԺԿ անդամ Էդուարդ Պետրոսյանը:


Դանիել Իոանիսսյանը, ով նաև «Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչն է, նշեց, որ իր կարծիքով այս հանգամանքը պատահական չի և դրա հետևանքները, գուցե, հետագայում նկատելի դառնա:


«Ընդհանուր առմամբ խախտումներ չենք նկատել ու չենք գրանցել: Իսկ թանաքները մեզ մոտ նորմալ են: Թղթի վրա ժամը 8-ին կնքել են, այն մինչև այս պահը առկա է»,-ասաց նա:


Դրոշմակնիքների թանաքների ցնդելու մասին Tert.am-ին ահազանգեց 1/12 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Անահիտ Ներսիսյանը: Նա նշեց, որ առավոտյան իրենց ընտրատեղամասում քաղաքացիական պարտքը կատարած անձանց անձնագրերում կնիքներն արդեն ցնդել են:


«Դրա մասին մենք արդեն տեղեկացրել ենք համապատասխան վայրում և ընտրատարածքայինից եկան ստուգեցին: Ասում են թանաքը ոչ թե պետք է թափահարես, այլ ինչ-որ բանով խառնես: Հիմա լավ խառնել ենք, վրան էլ էլի թանաք ենք ավելացրել, տեսնենք ոնց կլինի, բայց արդեն մոտ 70 հոգի ընտրել է, որոնց անձնագրերում կնիքը անհետացել է արդեն, այսինքն՝ 12 ժամ պետք է պահպանվեր»,- ասաց նա:


Ավանում գտնվող 1/17 ընտրատեղամասում առավոտյան ժամը 8-10-ն ընկած հատվածում մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցել էր մոտ 90 ընտրող:


«Հենց առավոտյան 8-ին արդեն 5 հոգի ընտրող ունեցանք: Ակտիվությունը նորմալ է գնահատվում: Կնիքի հետ կապված խնդիր մենք չենք ունեցել: Այն պարզապես պետք է լավ թափահարել»,- ասաց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Մարտին Ղալումյանը:


Tert.am-ի հետ զրույցում ընտրատեղամասերի Հայաստանի Հանրապետական և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները վստահեցրին, որ ընտրությունների առաջին 2 ժամերի ընթացքում դեռևս ընտրակեղծիքների ականատես չեն եղել: