Ալիևը մոբիլիզացնում է ուժերը. Թուրան գործակալություն

23:05 • 03.12.12

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալների նոր պաշտոնների ներմուծումը, և այդ պաշտոններին «նախիջևանյան խմբավորման» 4 ամենահավատարիմ ներկայացուցիչների նշանակումը վկայում է այն մասին, որ ռեժիմը դժվար օրերի պատճառով մոբիլիզացնում է ուժերը, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժվար ժամանակներ է ապրում 2013թ. նախօրեին, հաղորդում է ադրբեջանական Թուրան գործակալության վերլուծական ծառայությունը:


Նախագահի աշխատակազմի ղեկավարի նորանշանակ 4 տեղակալները աշխատակազմի ստաժավոր աշխատակիցներ են` Ալի Ասադովը, Նովրուզ Մամեդովը և Զեյնալ Նաղդալիևը, իսկ Վահիդ Ալիևը նախագահի ռազմական հարցերով խորհրդականն էր և աշխատակազմի պաշտպանական բաժնի վարիչը:


Վերջինս իր տեղը զիջել է նախիջևանյան կլանի ևս մեկ ակնառու ներկայացուցչի` Մագորամ Ալիևին, ով 10 տարի Բաքվի ոստիկանության ղեկավարն էր, և 2005թ. ՆԳՆ նախարարի պաշտոնը ստանալու անհաջող փորձերից հետո 5 տարով ուղարկվել էր Տաջիկստան, որպես Ադրբեջանի դեսպան:


Երկրի առաջատար ոչկառավարական պարբերականների վերլուծաբանները Ալիևի նման որոշման երկու վարկած են բարձրաձայնել. նախագահական ընտրությունների պատրաստություն և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար 74-ամյա Ռամզան Մեհտիևի հրաժարականի պատրաստություն:


Կառավարող ռեժիմը նախագահական ընտրություններին ընդառաջ ենթարկվում է արևմտյան հասարակության անընդհատ ահագնացող քննադատությանը 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտի պարտավորություններից հրաժարվելու համար, որտեղ ազատ ընտրությունները, ինչպես և մյուս կարևորագույն սկզբունքները հիմնարար են հանդիսանում, պնդում են վերլուծաբանները:


Ադրբեջանցի ընդդիմադիր վերլուծաբանների կարծիքով՝ ակնհայտ է դառնում, որ Ալիևը ոչ միայն չի կարող մտածել, որ ընտրությունները 2008թ. օրինակով աներկընտրանք կլինեն, այլև նրա համար խնդրահարույց է երրորդ ժամկետով առաջադրվելը երկու պատճառներով` երրորդ ժամկետը արևմուտքի համար «արգելված պտուղ» է, ինչպես նաև ռեժիմի հակաժողովրդավարական էության պատճառով:


Նույնիսկ Արևմուտքի սիրելին` վրացական նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ստիպված էր հրաժարվել երրորդ ժամկետից և ընդհանրապես իշխանությունից:

 

Թուրան գործակալության վերլուծական ծառայությունը նշում է, որ իրադարձությունների վերջին ընթացքը, որը ադրբեջանական ռեժիմի հովանավոր Բրիթիշ պետրոլիումի հետ հակամարտություն է կազմում, բրիտանական լոբբիստ արքայազն Էնդրյուի չեզոքացումը, հարուստ ադրբեջանցիներից կազմված Ռուսաստանի այլընտրանքային սփյուռքի հիմնումը, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամը, վկայում են այն մասին, որ ռեժիմը մեկուսացվում է:


Միևնույն ժամանակ լարվածությունն այն ուժերի հետ, որոնք որոշիչ դեր խաղացին 2003թ. Ալիևի իշխանության գալու հարցում և նրա փառաբանման գործում մինչև 2008թ. հերթական ընտրությունները, կրճատում է 2013թ. ընտրություններում նրա հնարավորությունները, ինչպես «շագրենի կաշին»:


Վերլուծաբանների կարծիքով, դեռևս պարզ չէ՝ կփորձի՞ Ալիևը պահպանել Ադրբեջանը ղեկավարելու իրավունքը, թե նա միայն պատրաստում է իշխանությունը փոխանցել «իր մարդուն», սակայն մի բան պարզ է, որ նա բացառում է արտահամակարգային ընդդիմության իշխանության գալը:


Դա պարզ երևում է քաղաքական կուսակցությունների վերաբերյալ օրենքից, որը ամբողջությամբ սահմանափակում է ընդդիմության ֆինանսավորումը ցանկացած կողմից, ինչպես նաև նոր բարձր չափի տուգանքների ներմուծումը չարտոնված փողոցային ակցիաների համար:


Այս իրավիճակում տեղակալների թիմի գործը, ըստ ամենայնի, պետք է լինի նախագահի ցանկացած որոշումների իրականացման օպերատիվության և էֆեկտիվության ապահովումը:


Ի՞նչ որոշումներ դրանք կլինեն՝ իշխանության հանդարտ բարեփոխմա՞ն, թե՞ Արևմուտքի կամ նախագահին ընդդիմադիր ուժերի հետ կոնֆրոնտացիայի հետ կապված, ցույց կտա ժամանակը, եզրակացնում են Թուրան գործակալության վերլուծաբանները: