Ադրբեջանում մեղադրական դատավճիռ է կայացվել «Եվրատեսիլ – 2012-ի» և Ալիևի դեմ ահաբեկչություններ պատրաստած անձանց նկատմամբ
Ադրբեջանում մեղադրական դատավճիռ է կայացվել այն խմբավորման անդամների նկատմամբ, որոնք, իշխանությունների պնդմամբ, Բաքվում «Եվրատեսիլ - 2012-ի » ժամանակ նախատեսում էին ահաբեկչական հարձակումներ իրականացնել, հաղորդում է lenta.ru-ն` հղում կատարելով АПА գործակալությանը:
Մեղադրյալներից 4-ը 13-14 տարի ազատազրկման են դատապարտվել:
Քննությունը պնդում է, որ ձերբակալվածներն իբր թե կապված են իրանական հատուկ ծառայությունների հետ: Բաքվում Իրանի դեսպանատունը դա հերքում է:
Բաքվում «Եվրատեսիլ - 2012-ը » անցկացվեց մայիսին: Դրա նախօրեին Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը մայրաքաղաքում, ինչպես նաև երկրի տարբեր շրջաններում հատուկ գործողություններ էր կազմակերպել, որոնց շրջանակներում ձերբակալվեցին անաբեկչության մեջ կասկածվող մի շարք անձինք:
Մայիսի վերջին նախարարությունը հայտարարեց, որ անձինք, որոնք վնասազերծվել են հատուկ գործողության ժամանակ, պատրաստվում էին ահաբեկչություններ իրականացնել «Եվրատեսիլ – 2012-ի» հյուրերի դեմ, ինչպես նաև պատրաստվում էին մահափորձ իրականացնել Իլհամ Ալիևի դեմ:
Մասնավորապես, ինչպես պնդում էին ուժայինները, նախատեսվում էին պայթյուններ Hilton Baku և JW Marriot Hotel Absheron, Baku Crystal Hall դահլիճում, որտեղ անցկացվում էր մրցույթը, և պետական դրոշի հրապարակում: Ինչ վերաբերվում է Ալիևի դեմ հարձակմանը, ապա անվտանգության նախարարության վարկածով՝ ահաբեկիչները նախատեսում էին դա իրականացնել ապրիլին, երբ նախագահը պետք է երկրի հյուսիս-արևմտյան շրջաններ այցելեր:
Ադրբեջանի իշխանությունների պնդմամբ, ահաբեկիչների նպատակը «երկրում քաոս և անարխիա, բնակչության մեջ վախի և շփոթմունքի միջավայր ստեղծելը, երկրի կայունության խաթարումը և Ադրբեջանի միջազգային հեղինակության տապալում էր»:










