Անչափահասին դատում են 7000 դրամանոց հեռախոս գողանալու համար
Այսօր Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ տեղի կունենա 1998 թ . ծնված Ռոման Մանուչարյանի գործով դատավարությունը: Ըստ Սյունիքի մարզային դատախազության կողմից հաստատված մեղադրական եզրակացության՝ նա մեղադրվում է Սյունիքի մարզի Շղարշիկ բանավանի բնակիչ Նունե Բաբայանցի տուն ապօրինի կերպով ներթափանցելու և 7000 դրամի արժողությամբ «Բիլայն» Ա 103 տեսակի բջջային հեռախոս գողանալու համար:
Այս մասին տեղեկանում ենք Datalex.am դատական տեղեկատվական համակարգի կայքից:
Նույն օրը Շենգավիթի առաջին ատյանի քրեական դատարանում նշանակված է Արմեն Առաքելյանի դատավարությունը, ում մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ նա այս տարվա մարտ ամսից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածը, ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակից, նույն կառույցում աշխատանքի տեղավորելու, « ինչպես նաև այլ պատրվակներով տարբեր ՀՀ քաղաքացիներից խարդախությամբ՝ վստահությունը չարաշահելու նպատակով», չորս դրվագով հափշտակել է խոշոր չափերի գումարներ:
Այսպես. ՀՀ քաղաքացի Աշոտ Հալաջյանից, Աշոտ Գրիգորյանից նրանց ԱԱԾ-ում տեղավորելու նպատակով Արմեն Առաքելյանը, ըստ մեղադրական եզրակացության, հափշտակել է 1800-ական ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ քաղաքացի Միքայել Մուրադյանից ոմն Լևոն Ոսկանյանի նկատմամբ ունեցած պարտքերն առ ոչինչ դարձնելու և նրա գրավադրած տունը գրավից հանելու պատրվակով, խարդախությամբ հափշտակել է մոտ 7000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար:
Արմեն Առաքելյանի չորրորդ դրվագն է այն է, որ քաղաքացի Արթուր Անդրեևից հափշտակել է 800 000 հազար դրամանող ոսկյա շղթա՝ հարսանիքին մասնակցելու և այն կրելուց հետո հետ վերադարձնելու պատրվակով:










