«Մենք բոլորս իրավունք ունենք աշխատելու» քարոզարշավի արդյունքում աշխատանք է ստացել 60 անձ
Հաշմանդամների համար աշխատանքային, այլ հավասար պայմանների և աշխատանքի մատչելիության ապահովման խթանման նպատակով այս տարվա նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներին իրականացվել է «Մենք բոլորս իրավունք ունենք աշխատելու» քարոզարշավ, որի շնորհիվ աշխատանք է ստացել 60 անձ։
Այսօր Հաշմանդամների միջազգային օրվա առիթով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սեյվ դը չիլդրեն», միջազգային կազմակերպության LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան:
«Ծրագրի շրջանակներում անցկացված միջոցառումների շրջանակում ավելի քան 100 գործատու մասնակցել է կլոր սեղան-քննարկումներին և անհատական հանդիպումներին և դրա արդյունքում մոտ 60 հոգի արդեն աշխատանքի են տեղավորվել»,- տեղեկացրեց Ջինա Սարգիզովան։
Ծրագիրն ունի չորս հիմնական ուղղություն, որոնցից մեկն էլ հաշմանդամություն ունեցող անձանց (ՀՈՒԱ) ծառայությունների մատուցումն է:
Արդեն 184 ՀՈՒԱ մասնակցել են համապատասխան՝ կյանքի հմտությունների ձեռք բերման դասընթացների, որոնց վերջնարդյունքն այն է, որ նման խնդիրներ ունեցող անձինք ուղղորդվում են զբաղվածության կենտրոններ, որոնք հետագայում զբաղվում են նրանց աշխատանքի տեղավորման, ինչպես նաև աշխատանքի վայրի պայմանների՝ հաշմանդամների կարիքներին հարմարեցման խնդիրներով:
Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, իրականացվում՝ «Սեյվ դը չիլդրեն», միջազգային կազմակերպության, «Ակտիվա» միջազգային հիմանդրամի, «Հյուման դիգնիթի ընդ փիս» հիմնադրամի և «Ունիսոն» և «Լիարժեք կյանք» ՀԿ-ների հետ համագործակցությամբ: LIFE ծրագիրը իրականացվելու է Հայաստանում 2012-15թթ-ին:
Նշենք, որ Ազգային ժողովում օրերս վարչական շենք տանող մուտքերից մեկը հարմարեցվեց հաշմանդամության խնդիր ունեցող անձանց կարիքներին: Tert.am ի հետ զրույցում, ի պատասխան հարցի, թե պետական հիմնարկներոը որքանո՞վ են հարմարեցված ՀՈՒԱ կարիքներին, Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը նկատեց, որ խնդիրն առկա է և նշեց, որ համաձայն ժամանակացույցի՝այդ ուղղությամբ աշխատանքներ կտարվեն:
Հայաստանում պաշտոնապես գրանցված է հաշմանդամություն ունեցող 180 500 անձ և նրանց միայն 8%–ն է այսօր ապահովված է աշխատանքով:
Նշենք, որ 1992 թ. ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Հայաստանի Հանրապետությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիային միացել է 2006 թ. դեկտեմբերին:










