Իսրայելը կօգտագործի Ադրբեջանում տեղակայված անօդաչուները՝ Իրանի վրա հնարավոր հարձակման դեպքում. Sunday Times

12:37 • 03.12.12

Իսրայելը մտադիր է օգտագործել Ադրբեջանում տեղակայված անօդաչու սարքերն Իրանի միջուկային կայաններին հարվածելու դեպքում, գրում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով բրիտանական Sunday Times պարբերականի հոդվածը։

 

Բրիտանական պարբերականը թեման բավական արդիական է համարում, քանի որ չի բացառվում, որ Իսրայելը գալիք տարի հարվածի Իրանի միջուկային կայաններին, ինչին պաշտոնական Թեհրանը կպատասխանի Shahab-3 և այլ հեռահար գործողության շառավիղ ունեցող հրթիռներով։ Սակայն պարբերականն ընդգծում է, որ նախքան իրանական հրթիռները կպոկվեն գետնից,  Eitan անօդաչուները (որոնք հայտնի են նաև Heron անունով և տեղակայված են միայն Ադրբեջանում)՝ զինված Hellfire մարտագլխիկներով, կվերացնեն դրանք։

 

Անցյալ տարվա ընթացքում կազմված մի շարք զեկույցներ վկայում են, որ Իրանի հետ սահմանակից Ադրբեջանն առանցքային դերակատարում է ունենալու Թեհրանի վրա Թել Ավիվի հարձակման հարցում։ Ադրբեջանը կամ  կործանիչների համար վայրէջքի և վառելիքի լիցքավորման «կայան» կծառայի, կամ էլ կօգտագործվի ցամաքային հարձակումների համար, որտեղից կարձակվեն իրանական միջուկային կայանների դեմ ուղղված  անօդաչուները։

 

Հոդվածում նաև նշվում է, որ հրեական Նեգև անապատում տեղակայված «Նևատիմ» օդային բազայի տարածքում կա ամերիկյան արտադրության ռադիոտեղորոշիչ սարք, որը կարճ ժամանակում ունակ է հայտնաբերել  հազար մղոն հեռավորության վրա գտնվող իրանական հրթիռներն ու դրանց արձակման համար նախատեսված հարթակները։

 

«Մենք կփորձենք վերացնել դրանք այն ժամանակ, երբ հրթիռները կգտնվեն առաջին աստիճանում, երբ դրանց շարժիչներն արդեն բոցավառվելիս կլինեն։ Եթե դա (պատերազմը), այնուամենայնիվ, տեղի ունենա, ապա իրանական բոլոր հրթիռները կվերացվեն մեր ռազմաօդային ուժերի կողմից»,- Sunday Times-ի հետ զրույցում ասել է Իսրայելի զինված ուժերի քաջատեղյակ աղբյուրը։

 

Թեև Իսրայելը հերքում է զինված անօդաչուներ ունենալու հանգամանքը, սակայն անկախ փորձագետները գտնում են, որ այդ երկիրը բազմիցս՝ տարբեր առիթներով, օգտագործել է նման սարքավորումներ։
 

Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն  հանդես է եկել բրիտանական թերթի հոդվածի մեկնաբանությամբ։ Իրանի վրա հարձակվելու համար ադրբեջանական տարածքն Իսրայելին տրամադրելու մասին հոդվածը գերատեսչությունն «անհիմն ու անհեթեթ» է անվանել։

«Բաքուն երբեք թույլ չի տա օգտագործել իր տարածքը հարևանների դեմ»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը։