Մոսկվայում կրակել են վրացի «օրենքով գողի» վրա և հափշտակել 30 մլն ռուբլի (տեսանյութ)
Ռուս իրավապահները հետախուզում են հայտարարել 2 հանցագործների նկատմամբ, ովքեր ծանր հրազենային վնասվածքներ են հասցրել ծագումով վրացի գործարար Ամիրան Բ.-ին և գողացել նրա մոտ եղած 30 մլն ռուբլի գումարը, գրում է Life News-ը։
Հարձակումը տեղի է ունեցել Մոսկվայի Մինսկի փողոցում՝ այն պահին, երբ տղամարդը պատրաստվել է նստել մեքենան։ Հենց այդ ժամանակ էլ հանցագործները կրակ են բացել նրա ուղղությամբ։ Տղամարդը վնասվածքներ է ստացել որովայնի և ողնաշարի հատվածում, իսկ հանցագործներն էլ անմիջապես դիմել են փախուստի։
Հանցագործությունը ֆիքսել են դեպքի վայրում տեղադրված տեսահսկման խցիները, ինչը, ըստ ամենայնի, կօգնի հայտնաբերել օրինախախտներին։ Ինչպես նշել են իրավապահ մարմինները, 51-ամյա Ամիրան Բ.-ն կապված է Մոսկվայի կազմակերպված հանցավորության խմբավորումներից մեկի հետ և հեղինակություն է համարվում նրանց շարքերում։










