Հայաստանում թմրամոլների թիվը ամեն տարի 50%-ով ավելանում է. նարկոլոգ
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության 2011 թվականի տվյալների, ՀՀ-ում գրանցված է 3 893 թմրամոլ։ Բացի պաշտոնական տվյալներից (ըստ հաշվարկային տվյալների), Հայաստանում կա 12 700՝ ներերակային և 21 000 կանեփ օգտագործող թմրամոլ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերճյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում ամեն տարի թմրամոլների թիվն աճում է 50% տոկոսով:
«Հայաստանում ունենք սարսափելի աճ, ամեն տարի 50 %-ով ավելանում է թմրամոլների թիվը, բայց Հայաստանի վիճակը՝ համեմատ հարևան երկրների, ամենաբարենպաստն է, օրինակ՝ Իրանում թմրամոլների ընդհանուր թիվը հասնում է 25 մլն-ի»,- ասաց Պետրոս Սեմերճյանը:
Ըստ նարկոլոգի, ամեն տեսակի կախվածությունները ֆիզիոլոգիական և ֆիզիկական կախվածություն են ինչ-որ մի երևույթից: Մարդու մեջ ֆիզիոլոգիական փոփոխություններ են տեղի ունենում, և թմրանյութը կամ ալկոհոլը դառնում են անհրաժեշտ՝ նրա կենսագործունեության համար:
Ըստ նարկոլոգի, Հայաստանում ամենաշատն օգտագործում են ափիոն և կանեփ:
«Աշխարհում թմրամոլների 80 տոկոսը տղամարդիկ են, 20-ը՝ կանայք»,- ասաց Պետրոս Սեմերճյանը:
« (ՀՀ–ում – Tert.am) Գրանցված թմրամոլներից միայն 32-ն են կին, բոլորն էլ երևանաբնակ են: Գերդոզավորումից տարեկան մահացության 10-12 դեպք է գրանցվում: Նարկոլոգիական կենտրոնում գրանցված դեռահաս չկա, բայց երբ ուսումնասիրում ես նրանց տվյալները, հասկանալի է դառնում, որ թմրամոլների մեծ մասը սկսել են դեռահասության տարիքից»,- ավելացրեց Պետրոս Սեմերճյանը:
Մամուլի ասուլիսին ներկա սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն իր հերթին տեղեկացրեց, որ ամբողջ աշխարհում 200 մլն թմրամոլ կա:
«Հարբեցողների թիվը դժվար է հաշվարկել: Թմրադեղերի վաճառքից ամբողջ աշխարհում 400 մլրդ դոլար եկամուտ են ստանում, և երկրներ կան, որ դա եկամտի միակ աղբյուրն է: Այսօր տարածաշրջանի երկրներից Վրաստանում կա 300 հազար թմրամոլ, Ադրբեջանում` 20 հազար թմրամոլ»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Ըստ հոգեբան Արմինե Ավդալյանի կախվածությունն այն է, երբ մարդը դիսկոմֆորտ է զգում այն բանից, ինչն իրեն մի ժամանակ հաճույք է պատճառել:
«Կախվածություններ լինում են թմրանյութերից, ալկոհոլից, աշխատանքից, սննդից: Այն հնարավորություն է տալիս փախուստ կատարել իրականությունից, բայց հետագայում հսկայական վնաս է հասցնում առողջությանը»,- ասաց Արմինե Ավդալյանը:










