WikiLeaks-ի աղբյուրի դատավարությունը հետաձգվել է

08:51 • 03.12.12

WikiLeaks կայքին տեղեկություններ հաղորդած ԱՄՆ բանակի շարքային Բրեդլի Մեննինգի դատավարությունը հետաձգվել է մինչև 2013թ.-ի մարտը. տեղեկացնում է ռուսական Лента-ն՝ Agence France-Presse-ի հղումով։


Ավելի վաղ դատական նիստը նշանակվել էր 2013թ-ի փետրվարի 4-ին, սակայն դատավորը խնդրել է իրեն ավելի շատ ժամանակ տալ՝ մեղադրանքը և պաշտպանվող կողմի միջնորդություններն ուսումնասիրելու համար։
 

Նոյեմբերի 29-ին մեղադրյալն առաջին անգամ կանգնել էր դատարանի առաջ՝ պատմելով Վիրջինիա նահանգի Կուանտիկո բազայի բանտում իր հանդեպ դաժան վերաբերմունքի մասին, որտեղ նա գտնվել է 2010թ-ի հուլիսից մինչև 2011թ-ի ապրիլը։


Բանտի անվտանգության ծառայությունը, սակայն , հերքել է Մեննինգի մեղադրանքները՝ ծաղրի և պատիժների ենթարկվելու մասին։


Բերդլի Մեննինգը ԱՄՆ բանակի շարքային զինվոր է, ով ձերբակալվել էր 2010թ.-ին՝ Իրաքում։ Նա մեղադրվում է գաղտնի ռազմական տեղեկությունները WikiLeaks կայքին հաղորդելու մեջ։


Նրան մեղադրանք է առաջադրվել 22 հոդվածներով։ Առայժմ նախկին զինվորն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքներից 8-ը, ինչի համար նրան մինչև 16 տարվա ազատազրկում է սպառնում։ Եթե բոլոր մեղադրանքները հաստատվեն, նրան կարող են մահապատժի ենթարկել։