Տիգրան Սարգսյանը ՀՀ-ին և Համաշխարհային բանկին հուսալի գործընկերներ է անվանել

21:25 • 04.12.12

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի՝ Համաշխարհային բանկին անդամակացության 20-ամյակին նվիրված ընդունելությանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից, կառավարության անունից ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ ՀՀ-ում իրականացվող տնտեսական բարեփոխումները և կառուցվածքային փոփոխությունները դժվար է պատկերացնել առանց Համաշխարհային բանկի գործուն մասնակցության:


«Գաղտնիք չէ, որ անցումային երկրների համար կարևորագույն խնդիր է՝ հավաքագրել բարեփոխումների ներուժը և այն ուղղել այնպիսի փոփոխությունների իրականացմանը, որոնք իրենց վրա կզգան մեր քաղաքացիները: Համաշխարհային բանկի առաքելությունը կայանում է հենց դրանում՝ օգնել բազմապատկելու առկա ներուժը, որպեսզի արդյունքերը լինեն շոշափելի: Գրեթե չկա մի ոլորտ, որտեղ չենք ստացել Համաշխարհային բանկի էական օժանդակությունը. սկսած աղետի գոտում աշխատանքների կազմակերպումից՝ ավարտված ֆինանսական ոլորտով: Ուրախ եմ, որ մենք Համաշխարհային բանկի հետ չունենք ձախողված որևէ ծրագիր: Այս տարիների ընթացքում մեր աշխատանքը եղել է հավաքական՝ նվիրված պետության ամրապնդմանը: Ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը և Համաշխարհային բանկը հուսալի գործընկերներ են և մենք խիստ շահագրգիռ ենք, որպեսզի մեր համատեղ ծրագրերը շարունակվեն ու արդյունավետությամբ ներդրվեն Հայաստանում: Մենք դեռևս ունենք անցնելու երկար ճանապարհ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:


Վարչապետը ներկաներին տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի թիմի հետ հետաքրքիր քննարկում է տեղի ունեցել՝ երկկողմ ապագա համագործակցության վերաբերյալ. ներկայացվել են բանկի ներկայացուցիչների մասնագիտռական վերլուծությունները՝ Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերների, դրանց լուծման եղանակների և գործիքակազմի վերաբերյալ:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի բոլոր աշխատակիցներին՝ բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափիի գլխավորությամբ, արդյունավետ համագործակցության և կատարված աշխատանքների համար: