ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Օմանի արտգործնախարարին

09:50 • 04.12.12

Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը (նստավայրը` Էլ-Քուվեյթ) դեկտեմբերի 3-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարար Յուսեֆ Բին Ալ Ալավի Ալ Աբդալլահին, տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից:



Դեսպան Չարչօղլյանը ՕՍ արտաքին գործերի նախարարին է փոխանցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-օմանյան հարաբերությունների զարգացման հեռանկարները:

 

Քուվեյթում ՀՀ դեսպանը վերահաստատել է Օմանի Սուլթանության հետ բազմաբնույթ հարաբերությունների խթանման Հայաստանի պատրաստակամությունը:

 

Այս կապակցությամբ կողմերը հանգամանալի քննարկել են հայ-օմանյան քաղաքական խորհրդակցությունների երկրորդ փուլի անցկացմանը, երկու երկրների միջև միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովի ձևավորմանը, իրավապայմանագրային բազայի ընդլայնմանը, պատվիրակությունների փոխայցելությունների մակարդակի բարձրացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

 

Երկուստեք կարևորվել են ներդրումների խրախուսման, ներդրումային համապատասխան դաշտի ձևավորման, փոխշահավետ ներդրումային ծրագրերի համատեղ իրականացման, առևտրաարդյունաբերական պալատների միջև շփումների ակտիվացման, համատեղ ցուցահանդեսների կազմակերպման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության մի շարք հարցեր:

 

Դեսպան Չարչօղլյանը ներկայացրել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային փուլի վերջին զարգացումներն ու հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը: