ԱՊՀ անդամ պետությունները վաղը ինտեգրացված արժութային շուկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն
ԱՊՀ պետությունների ղեկավարների՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք գագաթաժողովի շրջանակներում նախատեսվում է ընդունել համակողմանի համագործակցության հետագա զարգացման ԱՊՀ երկրների ղեկավարների հռչակագիր, որով, ի թիվս այլ հարցերի, նաև նախատեսվում է ԱՊՀ անդամ պետությունների Համաձայնագիր ստորագրել ինտեգրացված արժութային շուկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ, հաղորդում է РИА Новости գործակալությունը։
Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտգործնախարարները արդեն այսօր Աշգաբադում հավանություն են տվել փաստաթղթերի փաթեթին, որոնք նախատեսվում է ընդունել վաղը, նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակված է գերատեսչության կայքում:
Մասնավորապես՝ համաձայնեցված փաստաթղթերի շարքում են գալիք տարի «Համագործակցության մշակութային մայրաքաղաքները» միջպետական ծրագրի և 2013-2014թթ. ԱՊՀ մասնակից երկրների մարդասիրական համագործակցության ոլորտում առաջնային միջոցառումների ծրագրի իրականացման հարցերը:
Ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի կոլեկտիվ համագործակցության ապահովման և ռազմական ուսուցման համաձայնագրի նախագիծը, ինչպես նաև համաձայնեցվել է նաև 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակի տոնակատարությունների նախապատրաստման վերաբերյալ որոշման նախագիծը։
ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը նշել է, որ ԱԳՆ ղեկավարների քննարկմանը դրված բոլոր հարցերը հավանության են արժանացել: «Սա խոսում է այն մասին, որ մենք ԱՊՀ շրջանակներում փոխըմբռնում ունենք, ցանկություն ունենք կոնսենսուսային որոշումներ գտնել, և այդ ցանկությունը իրականանում են նման կարևոր փաստաթղթերի ընդունմամբ», - ասել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահը նիստի ավարտին կայացած մամլո ճեպազրույցում:
ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթաժողովը պետք է կայանա դեկտեմբերի 5-ին` Աշգաբադում: Ռուսաստանից հանդիպմանը պետք է մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ավելի վաղ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաղորդել էր, որ գագաթաժողովի շրջանակներում նախատեսվում է քննարկել մոտ 20 հարցեր:
Նշենք, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ևս այսօր մասնակցել է արտգործնախարարների խորհրդի նիստին։ Վաղը կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթաժողովին կմասնակցի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։










