ՍԴ դիմելու ՀԱԿ-ի որոշումը ո՛չ քաղաքական և ո՛չ իրավական որևէ հիմք չունի. Էդուարդ Շարմազանով
ԱԺ մեծամասնության կողմից արտահերթ նիստը բոյկոտելու հարցով «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի Սահմանադրական դատարան դիմելու որոշումը ո՛չ քաղաքական, ո՛չ էլ իրավական առումով որևէ հիմք չունի, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մեր ընդդիմադիր գործընկերները հղում են անում ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածին, այնտեղ որևէ հարց և հղում չկա քվորումի հետ կապված: Հակառակը՝ Սահմանադրության 62-րդ հոդվածը նշում է, թե ինչպիսի դեպքերում քվորում պետք է լինի, ԱԺ նիստերի կառուցվածքը , նիստերը, և անտեղ էլ իր հերթին հղում է արվում 44-րդ հոդվածի ԱԺ կանոնակարգը, և դա հստակ պատասխանը տալիս է»,- ասաց նա և կրկնեց, որ այն նույնիսկ քաղաքական տրամաբանությունից զուրկ է:
Միաժամանակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իր այս հայտարարությունը պետք չէ որակել որպես Սահմանադրական դատարանի գործերին միջամտություն:
«Բայց քանի որ մեր ընդդիմադիր և որոշ այլընտրանքային գործիչներ օգտվել են ՍԴ դիմելու իրենց իրավունքից, ես պարզապես իմ կարծիքն եմ հայտնում, և խնդրում եմ, այն չորակել որպես միջնորդություն կամ միջամտություն Սահմանադրական դատարանի գործերին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը դիմելու է Սահմանադրական դատարան՝ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող կոալիցիոն կուսակցությունների կողմից նոյեմբերի 21-ին նախատեսված արտահերթ նիստը բոյկոտելու քայլը հակասահմանադրական ճանաչելու հայցով:










