ՀՀ–ում հոգեկան հիվանդները չեն կարող ընտրել, եթե դատարանի կողմից անգործունակ են ճանաչվել

12:37 • 04.12.12

Հոգեկան հիվանդները ևս ընտրելու իրավունք ունեն, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք դատարանի վճռով անգործունակ են ճանաչվել, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հանրապետության գլխավոր հոգեբույժ Սամվել Թադևոսյանը՝ մեկնաբանելով տեղեկությունը, որ Ավանում մի քանի հոգեկան հիվանդներ մասնակցել են ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններին:

 

«Ուրեմն՝ ոչ ոք իրավունք չունի այդպիսի եզրահանգումներ անի քաղաքացու նկատմամբ։ Ես՝ լինելով հանրապետության գլխավոր հոգեբույժ, ինձ իրավունք չեմ վերապահի, որ էսպես թռուցիկ տեսնելով ասեմ՝ «սա հոգեկան հիվանդ է»: Եվ մեր հոգեկան հիվանդները բոլորն օգտվում են իրենց սահմանադրական իրավունքներից, և այն իրավունքներից, ինչից օգտվում են ՀՀ մնացած քաղաքացիները»,- ասաց Սամվել Թադևոսյանը։

 

Նշենք, որ ըստ այսօր «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարի, դեկտեմբերի 2-ի ԱԺ լրացուցիչ ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուի կողմնակիցները հոգացել էին, որպեսզի Ավանի հոգեբուժարանի հիվանդները ևս կատարեն իրենց քաղաքացիական պարտքը և թղթակիցն ականատես է եղել, որ ընտրատեղամաս մտնելուն պես մի ընտրող բարձրաձայն հայտարարել է, թե ինքը հանրապետության նախագահն է ու հերթ չպետք է կանգնի։


Իսկ նրա կողքին կանգնած իր նման մեկն էլ շարունակել է, թե ինքն էլ ՀՀ կառավարության անդամ է ու նույնպես հերթ չի կանգնելու։ Սկսվել է թեթև վիճաբանություն, որն էլ հանձնաժողովի անդամների օգնությամբ հարթվել է։ Իսկ մի երրորդ անձ էլ ընտրատեղամասում բարձրաձայն կանչել է՝ «1, 2, 3, օբյեկտը պայթեցնում ենք»։
 


Սամվել Թադևոսյանը նշեց, որ Հայաստանում հաշվառված 45 000 հոգեկան հիվանդներից միայն 5-7 %-ն է, որ դատարանի որոշմամբ ճանաչվել է անգործունակ:

 

«Մնացած բոլորը մեր պես քաղաքացիներ են՝ նրանք և՛ ընտրելու, և՛ ընտրվելու իրավունք ունեն, և վերջապես, մեր հոգեբուժարաններում 1000–1200 հիվանդ կա, մնացած բոլորը հանրության մեջ են. աշխատում են, ստեղծագործում են, ընտանիքներ ունեն: Ո՞նց կարելի է անջրպետ դնել հիվանդի և մյուսների միջև»,- ասաց հանրապետության գլխավոր հոգեբույժը:

 

Tert.am-ի հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանն ասաց, որ Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, թե ովքեր ունեն ընտրական իրավունք: Համաձայն ԸՕ-ի՝ քվեարկության անցկացման օրը ընտրելու իրավունք ունեն ՀՀ 18 տարին լրացած քաղաքացիները:

 

«Ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող քաղաքացիները: Այսինքն՝ սա միակ սահմանափակումն է, թե ով չի կարող ընտրել և ընտրվել»,- մեկնաբանեց Հերմինե Հարությունյանը: