ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին

16:25 • 04.12.12

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ՀՀ -ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչին, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

 

Ողջունելով դեսպանին` Հովիկ Աբրահամյանը նշել է, որ վերջին տարիներին հայ-բրիտանական համագործակցությունը զարգանում է և Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ փոխգործակցության խորացումը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով:

 

ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը և եվրաինտեգրումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:

 

Խորհրդարանի ղեկավարի համոզմամբ` հայ-բրիտանական միջպետական համագործակցության զարգացման և ընդլայնման համար կարևոր է օրենսդիր մարմինների միջև հարաբերությունների ակտիվացումը:

 

«Մենք կարևորում ենք Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև միջխորհրդարանական համագործակցությունն այն համոզմամբ, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջև քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարևոր լծակներից է և ես` որպես ԱԺ նախագահ, պատրաստ եմ ջանքեր գործադրել հայ-բրիտանական միջխորհրդարանական համագործակցության առաջխաղացման ուղղությամբ և աջակցել բոլոր նախաձեռնություններին, որոնք կնպաստեն մեր երկու երկրների և ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

 

ԱԺ նախագահի համոզմամբ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, հարաբերությունների հետագա արդյունավետ զարգացման և ամրապնդման, տարբեր ձևաչափերի շփումների ակտիվացման և փոխգործակցության եզրերն ընդլայնելու համար չօգտագործված մեծ ներուժ կա:

 

Նա կարևորել է նաև Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև տնտեսական համագործակցության ակտիվացումը:

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Լիչը նույնպես անհրաժեշտ է համարել հայ-բրիտանական փոխգործակցության զարգացումն ու խորացումը տարբեր ուղղություններով և այս համատեքստում կարևորեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը:

 

Նա շեշտել է, որ Մեծ Բրիտանիան` որպես ԵՄ անդամ երկիր, կարևորում է Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացումը և ողջունում է Հայաստանի ջանքերն այդ ուղղությամբ:

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր, անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, սաֆարովյան գործին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: