Ժամանակը ցույց կտա, թե քաղաքական ուժերի լռությունը իմիտացիա՞ է, թե քաղաքական խաղ. Կարեն Քոչարյան

13:09 • 04.12.12

Նախագահական ընտրությունների նախաշեմին քաղաքական մի շարք ուժերի լռությունը և թեկնածուի առաջադրման ձգձգումը P-Art ընկերության տնօրեն Կարեն Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ որակեց որպես իմիտացիա կամ քաղաքական խաղ:


«Ժամանակը ցույց կտա, թե սա ինչ է: Այսօր պարզ է մի բան, կա գործող նախագահ Սերժ Սարգսյան ու չգիտենք ով: Իսկ ընդհանրապես, այս երևույթը քաղաքական դաշտի փոշիացման հետևանքն է: Օրինակ՝ այսօր մարդ կարող է իր թեկնածությունը դնել՝ երբեք չլինելով քաղաքական դաշտում»,- ասաց նա:


Թեկնածուների առաջադրման մասին հայտարարությունների ձգձգումը Կարեն Քոչարյանը բացատրեց հումորով. «Վռազողի կնիկը տղա չի բերում: Ոնց էլ լինի մինչև առաջադրման վերջնաժամկետը կհայտարարեն»:


Նախկին Գերագույն Խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, ով երկար տարիներ չի գործում քաղաքական դաշտում, նշեց, որ ինքը կցանկանար, որ Սերժ Սարգսյանի մրցակիցը ունենա կենսագրություն:


«Իշխանության հավակնորդ թեկնածուներ կան, որոնք չափազանց անծանոթ են հասարակությանը: Մարդիկ պետք է հասկանան, որ ՀՀ-ի նախագահ լինելը ոչ թե սկիզբն է, այլ վերջն է: Դա քաղաքական գործչի կարիերայի ավարտն է: Սերժ Սարգսյանի մրցակիցը պետք է լինի այնպիսի մարդ, ով ծառայել է և կարող է այս լարված իրավիճակում դառնալ բանակի գերագույն հրամանատար»,-ասաց նա:


Անդրադառնալով ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին՝ որպես ՀՀ նախագահի հնարավոր թեկնածուի, նա ասաց, որ Հայրիկյանը «հուշարձան» է, ով միշտ կարող է իր թեկնածությունը առաջադրել: