Կարեն Արայանի գործով պատրաստվում են մինչև Եվրոպական դատարան գնալ
Դերասանուհի Անժելա Սարգսյանի ինտիմ լուսանկարները համացանցում տարածելու մեջ մեղադրվող Կարեն Արայանի մայրը` Մարինա Արայանը, և փաստաբան Կիմա Սարյանը, պատրաստվում են Կարեն Արայանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը բողոքարկել և հասնել մինչև Եվրոպական դատարան:
«Մենք համաձայն չենք նման դատական ակտի ոչ մի փաստի հետ։ Որպես փաստաբան, կարծում եմ, որ Կարեն Արայանի մեղքն ընդհանրապես ապացուցված չէ»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, հրապարակեց Կարեն Արայանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը և նրան դատապարտեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։
Կարեն Արայանի մոր համար վճիռն անսպասելի է եղել։ Մարինա Արայանը կարծում է, որ պետք է համակարգիչները զննվեին, սակայն Կարենի համակարգիչը զննվել է, իսկ Անժելայինը՝ ոչ:
«Այս գործը, բառի բուն իմաստով, կապիկություն էր, սա ինչ-որ մի չինովնիկի հետույքը «ծածկելու» միջոց էր, քանի որ Անժելան իրենից ոչինչ չի ներկայացնում, նա ընդամենը շարքային անբարոյական է»,- ասաց Մարինա Արայանը` նշելով, որ այս դատը պետք է ընդամենը մի երկու, երեք նիստով կայանար, իսկ նրանք 11 ամիս «համերգ» են ցույց տվել:
Ասուլիսին ներկա «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանն էլ գործի քննությունը համարեց թերի կատարված:
«Չի կատարվել կոմպլեքսային փորձաքննություն, մինչդեռ պոռնոգրաֆիկ նկարների մեջ պետք է պարզվի, թե ով է նկարների մեջ»,- ասաց նա` տեղեկացնելով, որ իրենց կենտրոնի կողմից ծանոթանալու են ամբողջ գործին և շարունակելու են բողոքարկման գործընթացը:










