ԲՀԿ–ի նվիրած տրակտորները տեղափոխելու օբյեկտիվ պատճառներ կարող են լինել. Տիգրան Ուրիխանյան
Լուսանկարը՝ Aravot.am-ի
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը տեղյակ չէ տրակտորների հետ կապված պատմությունից, ըստ որի՝ մի շարք գյուղական համայնքներին ԲՀԿ–ի նվիրած տրակտորները հետ են վերցվել, սակայն ենթադրում է, որ կարող են լինել բազմաթիվ պատճառներ, որոնց արդյունքում կարող են լինել փոփոխություններ և տեղափոխություններ:
«Ընդ որում, շատ օբյեկտիվ և պատճառաբանված: Օրինակ՝ կարող է ոչ պատշաճ կերպով շահագործվի անձնական, ոչ հանրային նպատակներով և տեղափոխվի այլ համայնք՝ այլ կառավարիչների մոտ»,- Tert.am-ին ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Նշենք, որ ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ Արարատի մարզի Ուրցաձոր, Սուրենավան, Լուսառատ, Արարատ գյուղերում «ակտիվորեն խոսվում է, որ ԲՀԿ-ն իր նվիրած նախընտրական տրակտորները ետ է տարել՝ դրանք տեղափոխելով Գյումրի՝ Սամվել Բալասանյանին «աջակցելու»։ Ուրցաձոր համայնքի ղեկավարը տեղեկությունը հաստատել է:
Ի պատասխան դիտարկմանը, որ, այդուհանդերձ, ընդունված է, որ նվերը հետ չեն վերցնում, Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Նվեր չի տրվում, տրվում է համայնքին՝ հանրային օգտագործման համար։ Եվ եթե որևէ մեկը հանդգնի սեփական նկատառումներից ելնելով այն օգտագործի, նրա տիրապետության տակից այն դուրս կգա: Ես կրկնում եմ՝ ասում եմ օրինակի համար»:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Այգեպար համայնքի ՀՀԿ–ական ղեկավար Անդրանիկ Այդինյանի և ԲՀԿ Տավուշի մարզային կառույցի ղեկավար Նինա Ադամյանի միջև վեճ էր ծագել՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից համայնքին նվիրած տրակտորն օգտագործել խմելու ջրի ջրագծի կառուցման աշխատանքներն իրականացնելու նպատակով։
«Ժողովուրդ» օրաթերթը նշում է, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամից փորձեցել են ճշտել, թե ում և ինչ նպատակով է տրվել վիճահարույց տրակտորը։ Հիմնադրամի տնօրեն Վահե Հովհաննիսյանը պատասխանել է. «Երկրորդ կարծիք լինել չի կարող, դա նվիրվել է Այգեպար համայնքի բնակչությունը՝ իրենց խնդիրները հոգալու համար»։










