Պատգամավորի լցակայանում ծեծել են դերասան Սերգեյ Գրիգորյանին և նրա եղբորը. դերասանը դեպքից ոչ մի մանրամասն չի հիշում

14:12 • 05.12.12

Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանը և նրա եղբայրը ծեծի են ենթարկվել Էրեբունի վարչական շրջանի շենքին հարակից բենզալցակայանում, ինչի արդյունքում դերասանը հաջորդ օրն ունեցել է լսողության կորուստ, որը, սակայն, հաջորդ օրերին սկսել է վերականգնվել:


Այս մասին Tert.am–ին հայտնեց Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանը:


«Ուղեղի ցնցում նրա մոտ չէր ախտորոշվել, սակայն բժիշկները հայտնաբերել էին հեմոտոմա, որը, ըստ բժիշկների, կցրվի»,- ասաց նա։


Ֆրեդերիկ Դավթյանի խոսքով՝ դերասանը, ծեծի օրը նշանակված ներկայացում ունենալով, ուշադրություն չի դարձրել և մասնակցել է ներկայացմանը, սակայն դրանից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է՝ գլխացավ, սրտխառնոց և այլ երևույթներ:


Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանն ասաց, որ դերասանի առողջության հետ կապված չեն հետաձգվել թատրոնի՝ առաջիկա ներկայացումները, սակայն դրանք փոխարինվել են:


Մասնավորապես, «Աբանամատ» ներկայացումը փոխարինվել է «Մոլագարով», քանի որ Սերգեյ Գրիգորյանն այնտեղ երեք դրվագներում առանցքային դեր ունի:



Ալեքսանդր Գրիգորյանն ի պատասխան հարցի, թե խոսե՞լ են Սերգեյ Գրիգորյանի հետ և նա միջադեպի հետ կապված ի՞նչ մանրամասներ է պատմել, Ալեքսանդր Գրիգորյանն ասաց. «Ничего не помнит (նա ոչինչ չի հիշում)»:


Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ սույն բենզալցակայանը պատկանում ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր):


Ոստիկանությունից այս պահին միջադեպի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդում:
 

Սերգեյ Գրիգորյանը նա 2001-2005թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետի Ա.Գրիգորյանի ռուսական կուրսում:

 

2005թ-ից աշխատում է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` և խաղացել է Կերուբինո` «Ֆիգարոյի ամուսնություն», Բոդչինսկի` «Ռևիզոր», Կինտո` «Խանումա», պարոն Բուասել` «Ժառանգություն», Սերգեյ` «Մորգանի խնամին», Աշոտիկ` «Շահանե, դու իմ Շահանե», Նոչելո` «Ֆիլումենա Մարտուրանո» և այլ դերեր:

Նկարահանվել է «Տաքսի, էլի լավա», «Ալա Բալա Նիցա» ֆիլմերում, «Կարգին սերիալ» հեռուստանախագծում:


Սերգեյ Գրիգորյանի կենսագրական տվյալները վերցված են նրա կայքից։