«Դատարանների մոնիտորինգի ծառայություններ» ծրագիրը հնարավորություն կտա դատական համակարգը ավելի թափանցիկ դարձնել
«Ամերիա» ՓԲԸ-ն Հայաստանի արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պատվերով իրականացնում է «Դատարանների մոնիտորինգի ծառայություններ» ծրագիրը, որը ֆինանսավորում է Համաշխարհային բանկը:
«Ամերիա» խմբի իրավական տնօրեն, «Ամերիայի» իրավական խորհրդատվության ղեկավար Դավիթ Սարգսյանի խոսքով՝ ծրագրի հիման վրա ձևավորվելիք արդյունքը կնպաստի դատական գործընթացների արագացմանը և ավելի արմատավորմանը դատական համակարգում:
«Արդեն իրականացվում է ծրագրի որերորդ փուլը, որի ընթացքում մենք ներգրավում ենք շահագրգիռ կողմերին, տեղի են ունենում հետաքրքիր քննարկումներ, որի արդյունքում ձևավորվող մոտեցումները հետագայում կարտացոլվեն արդեն եզրափակիչ աշխատանքների փուլում: Եթե կա պատշաճ մոնիտորինգ և պատշաճ հաշվետվողականություն, դա բերում է մոնիտորինգի տակ գտնվող սուբյեկտի` դատավորների, դատարանների գործունեության արդյունավետության, դրա ավելի պարզ լինելուն այն հաճախորդների համար, ովքեր օգտվում են դատական համակարգից»,- ասաց Դավիթ Սարգսյանը:
«Դատարանների մոնիտորինգի ծառայություններ» ծրագրի նպատակն է Հայաստանում դատարանների մոնիտորինգի համակարգի ներդրումը, որը հնարավորություն կտա միասնական մեթոդաբանության հիման վրա իրականացնել դատարանների և դատական համակարգի մոնիտորինգ:
ՀՀ Արդարադատության նախարարության դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Արթուր Թունյանի խոսքով դատական համակարգում վերջին տարիներին բավականին բարեփոխումներ են իրականացվել՝ դատավարությունների ընթացքը ավելի թափանցիկ, դատարանների գործունեությունը մատչելի դարձնելու համար, բայց այդ ամենը դեռ բավարար չէ:
«Պետությանը, դատական համակարգին անհրաժեշտ են այլ գործիքներ դատարանների գործունեությանը հետևելու, բացերը վերհանելու, որոշակի լուծումներ գտնելու միջոցով այդ ոլորտը ավելի արդյունավետ դարձնելու համար:Մոնիտորինգը հնարավորություն կտա տեսնել, թե կոնկրետ դատարանը, դատավորը քանի գործ քննեց, արդյոք պետական միջոցները, որոնք տրամադրվում են դատարանին, արդյունավետ են ծախսվել և այլն»,-ասաց Արթուր Թունյանը:
Ծրագիրը կնպաստի դատարանների գործունեության արդյունավետության բարձրացմանը, թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը, դատական տեղեկատվության հասանելիությանը, որը կմեծացնի դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը:
Հիմք ընդունելով Հայաստանի դատական համակարգի առանձնահատկությունները և միջազգային լավագույն փորձը, «Ամերիան» մշակել է դատարանների գործունեության մոնիտորինգի մեթոդաբանություն, որը կհանդիսանա դատարանների մոնիտորինգի իրականացման հիմնական մեթոդաբանական փաստաթուղթը:










