ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Արևելյան գործընկերության» ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 4-ին մասնակցել է Բրյուսելում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» ավագ պաշտոնյաների հանդիպմանը, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նման ձևաչափով հանդիպման նպատակն էր քննարկել «Արևելյան գործընկերության» շրջանակներում տեղ գտած ԵՄ և գործընկեր երկրների միջև համագործակցության ընթացիկ զարգացումներն ու հեռանկարները և նախանշել անելիքները մինչև 2013 թ. Վիլնյուսի գագաթաժողովը:
Հանդիպման սկզբում ԵՄ Ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն անդրադարձել է Եվրոպական հարևանության վերանայված քաղաքականությանը, որի շրջանակներում հատկապես կարևորվում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ գործընկեր երկրներում ձեռնարկվող քայլերը:
Նշվել է, որ այդ ոլորտներում առաջընթացի հիման վրա է, որ ԵՄ-ն կիրառելու է «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը: Հանձնակատարը հիշատակել է նաև, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն մեծապես տպավորված է Հայաստան վերջերս կատարած իր այցելությունից:
Զոհրաբ Մնացականյանը, իր ելույթում կարևորելով «Արևելյան գործընկերության» դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացման գործում, ընդգծել է, որ ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունները առաջին հերթին կառուցվում են ընդհանուր արժեհամակարգի վրա:
Նա շեշտել է, որ ԵՄ հետ ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա հիմնված բարեփոխումներ իրականացնելը Հայաստանի ներքին օրակարգի մասն է, և «Արևելյան գործընկերությունն» ընձեռում է դրանք խթանելու գերազանց հնարավորություն:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատեց մինչև 2013 թ. Վիլնյուսի «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը ԵՄ հետ Ասոցիացման համաձայնագրի, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններն ավարտելու և առաջիկայում Ասոցացման օրակարգ ձևավորելու շուրջ աշխատանքներ տանելու Հայաստանի պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:










