Հունաստանի հիվանդանոցներում բինտերի ու ձեռնոցների սղության պատճառով վարակներն ավելացել են
Տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված Հունաստանի հիվանդանոցներում և այլ բուժհաստատություններում ավելացել է վարակների թիվը, քանի որ ֆինանսական սուղ պայմաններում բուժհաստատությունները գրեթե անհնար է ապահովել այնպիսի տարրական պարագաներով, ինչպիսիք են խալաթները, ստերիլ ձեռնոցներն ու անձեռոցիկները, բինտերը, գրում է Daily Mail-ը։
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի ղեկավար Մարկ Սպրենգերն իր մտահոգությունն է հայտնել այս առիթով՝ նշելով, որ հունական հիվանդանոցները նշված պարագաների բացակայության կամ սղության պատճառով ի վիճակի չեն հսկողության տակ պահել վարակների տարածումը։
«Ես երկօրյա այցով եղել եմ Աթենքում, և այն, ինչին ես ականատես եղա, ուղղակի սարսափելի էր։ Կային հիվանդանոցներ, որտեղ բացակայում էին անգամ խալաթները, գլխարկները, ձեռնոցներն ու մյուս տարրական պարագաները։ Հունաստանը երբեք էլ չի «փայլել» առողջապահության սպասարկման ոլորտում առաջատար դիրքով, սակայն տնտեսական ճգնաժամն է՛լ ավելի է բարդացրել եղած իրավիճակը»,-հայտնել է նա։
Նա նաև ահազանգել է, որ դեղամիջոցների սղության պատճառով, բազմաթիվ մարդիկ չեն կարողանում բուժում ստանալ, ինչի արդյունքում որոշ վտանգավոր հիվանդություններ կարող են տարածվել ամբողջ Եվրոպայում։










