Կրակոցներ Երևանի Արամ Խաչատրյան 11 շենքի շքամուտքում, կա մեկ վիրավոր
Հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 03.00-ին, 1971թ. ծնված Սամվել Ս.-ն Արամ Խաչատրյան փողոցի 11 շենքի շքամուտքում կրծքավանդակի և որովայնի մասում հրազենային վնասվածքներ է ստացել:
Ըստ Ոստիկանության կայքի՝ մեկնած օպերատիվ խմբին Սամվել Ս.-ն հաղորդում է տվել, որ ժամը 02.00-ի սահմաններում հիշյալ շենքի 4-րդ մուտքի դռան մոտ նկատելով մոտ 40 տարեկան անծանոթ տղամարդու՝ ցանկացել է պարզել նրա ինքնությունը:
Վերջինս փորձել է փախուստի դիմել, սակայն Սամվել Ս.-ն մուտքի դռան դիմաց բռնելով նրան՝ վայր է գցել գետնին:
Այդ ընթացքում երկրորդ անձը մոտեցել է իրեն և հրազենից կրակոցներ արձակել իր ուղղությամբ՝ կրծքավանդակի աջ կեսի, որովայնի և աջ բազկի մասերում պատճառելով հրազենային վնասվածքներ, ինչից հետո դիմել են փախուստի:
Դեպքի վայրում զննությամբ հայտնաբերվել է 6,35 մմ տրամաչափի փամփուշտի 3 պարկուճ, որոնք ուղարկվել են փորձաքննության:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:










