Երկրաշարժից 25 տարի անց Գյումրիում մոտ 4500 ընտանիք կմնա անօթևան, մինչդեռ Կառավարությունը խնդիրը լուծված կհամարի.«Շիրակ կենտրոն»
Երբ ավարտվի աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման 2008-2013 թթ. ծրագիրը, Գյումրիում ժամանակավոր կացարաններում կամ վագոն-տնակներում ապրող 4500 ընտանիքներ դեռևս անօթևան կմնան: Հաշվարկները «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանինն են, ով Tert.am–ի հետ զրույցում ասաց, որ Քաղաքաշինության նախարարության հետ այս թվի վերաբերյալ մշտական վեճի մեջ են:
Բանն այն է, որ, ըստ Վահան Թումասյանի, Գյումրիում կա անօթևանների երկու խումբ։ Առաջինն անօթևանների հերթացուցակում 2008 թվականի նոյեմբերի 1-ով հաշվառված այն ընտանիքներն են, որոնց ցանկը փոփոխության ենթակա չէ, և որոնցից 420-ին հաջորդ տարի բնակարաններով փոխհատուցելով՝ կառավարությունը կհամարի, որ 3232 ընտանիք բնակարանով փոխհատուցված են, և կարիք ունեցողների ցուցակը զրոյացված է:
«3232 կստացվի. 1056 ստացել են 2010-ին և 1756 էլ ստացան այս տարի, 420 էլ՝ հաջորդ տարի կստանա, բայց էնտեղ կմնա մոտավորապես 1000-ի չափ ընտանիք, որոնցից մոտ 400–ը մերժված են, իսկ մյուսների համար կառավարությունն ասում է, որ «Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների բնակարանների տրամադրման 2008-2013 թթ. ծրագրով» չեն կարող փոխհատուցվել, քանի որ երկրաշարժի ժամանակ ոչ թե բազմաբնակարան շենքերի բնակարաններ են կորցրել, այլ սեփական տներ»,- ասաց Վահան Թումասյանը:
Ըստ նրա՝ առանձին կա ևս 3500 ընտանիք, որոնք անօթևանների հերթացուցակում , հաշվառված չեն և չեն համարվում երկրաշարժի հետևանքով բնակարաններ կորցրած անձինք: Այսինքն՝ փոխհատուցման ենթակա չեն: Նրանք ապրում են վարձով, տնակային պայմաններում, կիսափլված շենքերում, վթարային շենքերում:
Գումարելով վերը նշված երկու թվերը՝ Վահան Թումասյանը հաշվարկում է, որ այս բոլոր ծրագրերի իրականացումով հանդերձ, հաջորդ տարի՝ երկրաշարժից 25 տարի անց, Գյումրիում մոտ 4500 անօթևան ընտանիքներ կմնան:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ կառավարության որոշմամբ՝ բնակարան տալիս են երկրաշարժի պահին կորցրած բնակարանի սենյակների քանակով: Այն դեպքում, որ եթե ընտանիքը 24 տարի առաջ 3 կամ 5 հոգանոց էր , ապա այս ընթացքում ընտանիքներից շատերի անդամների քանակն աճել է: Իսկ ոմանք էլ բնակվել են նույն բնակարանում, բայց ԽՍՀՄ-ի ժամանակ բնակարանային հերթի են կանգնած եղել:










