Վրաստանում ՀՀ դեսպանության հորդորում է ձեռնպահ մնալ Գուդաուրի-Կոբի հատվածով երթևեկելիս
Վրաստանում ՀՀ դեսպանությունը Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կողմից պաշտոնապես ծանուցվել է այն մասին, որ կլիմայական պայմանների վատթարացման պատճառով, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում (Խաչի լեռնանցք) կցասայլերով և կիսակցասայլերով ավտոփոխադրամիջոցների և ավելի քան 30 տեղ տարողությամբ ավտոբուսների երթևեկությունն արգելված է:
«Նպատակ ունենալով կանխարգելել նախորդ տարիներին նման դեպքերում առաջացող արտակարգ իրավիճակները` կապված ճանապարհային արգելափակված հատվածում ավտոմեքենաների և մարդկանց կուտակումների հետ, հորդորում ենք բոլոր փոխադրող ընկերություններին և փոխադրամիջոցների մասնավոր սեփականատերերին հաշվի առնել սույն տեղեկատվությունը և մինչև եղանակային պայմանների բարելավումը և Վրաստանի իշխանությունների կողմից համապատասխան թույլտվության ստացումը ձեռնպահ մնալ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկելու ծրագրերից»,– ասվում է Վրաստանում ՀՀ դեսպանության տարածած հայտարարությունում:
Նաև նշվում է, որ իրավիճակի փոփոխության մասին Վրաստանում ՀՀ դեսպանությունը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:










