Հյուսիսային պողոտայում մոտ մեկ ամիս կկազմակերպվի ամանորյա տոնավաճառ
Առաջին անգամ Երևանում՝ Հյուսիսային պողոտայում դեկտեմբերի 15-ից մինչև հունվարի 13-ը կկազմակերպվի Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառ, այս մասին Tert.am-ին այս մասին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տոնավաճառը կազմակերպելու է Երևանի քաղաքապետարանը՝ «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության հետ համատեղ:
«Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառն ազդարարում է ամանորյա տոների գալուստը: Հյուսիսային պողոտայում հատուկ պատրաստված 16 տաղավարներում կներկայացվեն Սուրբ Ծննդյանն և Ամանորին նվիրված հետաքրքիր ատրիբուտներ՝ սկսած տոնական ձևավորման պարագաներից մինչև քաղցրավենիքներ՝ ամանորյա հրուշակեղեն, շոկոլադի տեսականի, չրեր, տաք գինիներ, տոնական մսուրներ, մանկական շորեր, գրքեր, և այլն: Տոնավաճառը կուղեկցվի տոնական միջոցառումներով և ուրախ մթնոլորտով»,- ասված է վարչության գրավոր պատասխանի մեջ:
Հարցին, թե ինչպես է որոշվել այն անցկացնել հենց Հյուսիսային պողոտայում, վարչությունը տեղեկացրեց, որ այն գտնվում է քաղաքի ամենաբանուկ հատվածում, ինչպես նաև տարածության առումով ավելի հարմար է ժամանակավոր տաղավարները տեղադրելու համար։










