Մեր զինվորն արժանի է լավ պայմանների. Սեյրան Օհանյան

15:52 • 05.12.12

Ավանի նոր զինավանի բացման ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այսօր Նուբարաշենի զորամասում նոր ճաշարանի բացմանը, ասաց, որ հայ զինվորներն արժանի են լավ պայմանների և ընդգծեց, որ այդ նոր ճաշարանը հոյակապ պայմաններ ունի:


«Ճաշարանների որակի վրա լուրջ ուշադրություն ենք դարձնում, որովհետև սննդի կազմակերպումը, որակյալ սննդատեսակները, համապատասխան կալորիաներով ճաշատեսակների պատրաստումը, և լավ սանիտարահիգիենիկ պայմաններն այսօրվա մեր պահանջներն են»,- ասաց նախարարը։


Սեյրան Օհանյանի խոսքով՝ բանակաշինության համակարգում խիստ կարևոր է նաև կապիտալ շինարարությունը:


«Ամեն տարի մենք կապիտալ շինարարության և վերանորոգման մասով պլան ենք իրականացնում: Յուրաքանչյուր տարվա վերջում մենք մրցույթներ ենք կազմակերպում, հաղթողները ստանում են կառուցման իրավունքը, և տարվա վերջը հագեցած է լինում նոր շինություններով»,- ասաց նա:

 

Խոսելով վերջերս Աֆղանստան կատարած այցելության մասին՝ նախարարը նշեց, որ մեր զինծառայողներն այնտեղ արժանի կերպով են իրենց ծառայությունը կատարում, նույնիսկ փոքր մատուռ են կառուցել, որ ծառայում է տեղի բոլոր քրիստոնյաներին:


Այցի արդյունքներից Սեյրան Օհանյանը կարևորեց այն, որ Աֆղանստանի պաշտպանության նախարարի հետ համագործակցության եզրեր են գտել: