Դերասան Սերգեյ Գրիգորյանը ոստիկանությանն ասել է, որ ինքն ուղեղի ցնցում է ստացել տանը

16:38 • 05.12.12

Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանին և նրա եղբորը ծեծի ենթարկելու վերաբերյալ ոստիկանությունից Tert.am-ին հայտնեցին, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:20-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ գլխուղեղի ցնցումով իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածնի բնակիչ Սերգեյ Գրիգորյանը:


Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին Սերգեյ Գրիգորյանը բացատրություն է տվել, որ վնասվածքը ստացել է տանը, 3 օր առաջ՝ վայր ընկնելու հետևանքով:


Ինչպես հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը, նման բացատրություն տվել է նաև դերասանի մայրը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանը Tert.am-ին հայտնել էր, որ դերասանը ծեծի էր ենթարկվել Էրեբունի վարչական շրջանի շենքին հարակից, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր) պատկանող բենզալցակայանում, ինչի արդյունքում դերասանը հաջորդ օրն ունեցել է լսողության կորուստ, որը, սակայն, հաջորդող օրերին սկսել է վերականգնվել:


Նա նաև ասել էր, որ դերասանի մոտ ուղեղի ցնցում չէր ախտորոշվել, սակայն բժիշկները հայտնաբերել էին հեմոտոմա, որը, ըստ բժիշկների, կցրվի:


Հիշեցնենք, նաև, որ ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել էր, որ ինքը նման տեղեկություն չունի, թե իր կուսակից, ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) թիկնապահները դաժան ծեծի են ենթարկել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանին ու նրա եղբորը և համարում է, որ այդ տեղեկությունը սադրանք է:


Նշենք, որ դեպքի վերաբերյալ նյութերը Ոստիկանությունն ուղարկել է Վաղարշապատի բաժին, որպեսզի հանգամանքները պարզվեն: