Սիրիայի բանակն այսօր հաջող մարտական գործողություններ է իրականացրել
Սիրիայի բանակն այսօր Դամասկոսի մերձակայքի գրոհային խմբավորումների ոչնչացմանն ուղղված մի շարք հաջող մարտական գործողություններ է իրականացրել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Syria» հեռուստակայանի հաղորդմամբ, շրջապատվել և ոչնչացվել են «Ալ Կաիդա» խմբավորման երկու զինված խմբավորումներ Զամալկա և Էլ-Ութեյբա արվարձաններում: Տասնյակ «վարձկան ահաբեկիչներ են սպանվել»:
Սիրիայի օդուժը և հրետանին հարվածներ են հասցրել ապստամբների դիրքերին` մայրաքաղաքի հարավ-արևելյան Մլիհ և Զիբդին արվարձաններում, ինչպես նաև հարավ արևմտյան Դարիայում և Քֆար-Սուսայում:
Կատաղի մարտեր են ընթանում Սաքբի, Միսրաբի, Ջիսրինա և Սբեյնի արվարձաններում: «Ալ Վաթան» լրատվական ծառայության տեղեկություններով, բանակային ստորաբաժանումները շարունակում են հետապնդել գրոհայիններին միջազգային օդանավակայան տանող մայրուղու հատվածում և նահանջողների հետ մարտեր են սկսվել Բեյթ-Սիքհեմ և Էլ-Խուջեյրա թաղամասերում:
«Ալ Արաբիա» հեռուստաալիքը, հղում կատարելով «Սիրիական ազատ բանակի» (ՍԱԲ) դաշտային հրամանատարներին, հաղորդել է ՍԱԲ-ի կողմից Դամասկոսի մոտակայքի Ակրաբեյի ռազմական օդանավակայանը գրավելու մասին, որի գրոհը շարունակվում էր 6 օր: Բացի այդ, ապստամբները պնդում են, որ կարողացել են գրավել մայրաքաղաքի Արևելյան Գուտա շրջանում գտնվող ՀՕՊ 22-րդ գունդը: Դամասկոսից ռազմական աղբյուրները, սակայն, այդ տեղեկությունները հերքել են:
Տեղեկություններ կան գրոհայինների կողմից Էլ-Խասիկան նահանգում նավթաարդյունահանման կետերի, ինչպես նաև Հալեպի էլեկտրակայանի վրա հարձակումների մասին:
Հոմսի մի շարք թաղամասերում սիրիական հատուկ ջոկատայինները «Ջեբհատ ան-Նուսրա» (Ազատության ճակատ) կազմակերպության անդամ մոտ 40 զինված ծայրահեղակաների են ոչնչացրել, հաղորդում է «Ալ Վաթան» լրատվական ծառայությունը:










