Կահիրեում շարունակվող բախումների հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 450 մարդ

09:29 • 06.12.12

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև տեղի ունեցած բախումների պատճառով զոհվել է առնվազն 5, վիրավորվել ավելի քան 450 մարդ։

 

Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, տուժածներից 35-ը ոստիկաններ են։

 

Նախագահական նստավայրի մոտակայքում Մուրսիի կողմնակիցներն ու հակառակորդները միմյանց վրա քարեր և դյուրավառ նյութերով լի շշեր են նետել։

 

Ոստիկանությունը միջամտել է միայն այն բանից հետո, երբ տեղեկություններ են ստացվել առաջին զոհերի մասին։

 

Տեղի լրատվամիջոցները տեղեկացրել են, որ մոտ ապագայում Եգիպտոսի նախագահական նստավայրի անվտանգության ապահովումն իր վրա կվերցնի նախագահական գվարդիան, քանի որ ներքին գործերի նախարարության ուժերն այդպես էլ չեն կարողացել նստավայրի մոտ կարգուկանոն հաստատել։

 

Եգիպտոսի ՆԳՆ ներկայացուցիչները տեղի ունեցածը «քաղաքացիական պատերազմ» են որակել։ «Կողմերի քաղաքական ղեկավարությունը պետք է միջամտի՝ բախումները կանխելու համար»,-ասել են նախարարությունից։