Չինական ավտոբուսների երկրորդ խմբաքանակը Հայաստանում է, սակայն վարորդներ չկան
Չնայած նախապես հայտարարվել էր, որ Չինաստանի կառավարության կողմից Երևանին նվիրաբերված ավտոբուսների երկրորդ խմբաքանակը Հայաստան պետք է մտներ և գործարկվեր այս նոյեմբերից, սակայն նոր ավտոբուսներն առ այսօր երթևեկության հանված չեն:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության մասնագետ Մուշեղ Բուռնուսուզյանը, պատճառը վարորդներն են: Ավելի կոնկրետ՝ վարորդների բացակայությունը:
«Հայտարարություն ենք տվել, հավաքում ենք վարորդներ, ամեն օր մի 10-15 մարդ է զանգում, բայց տեղերը չեն համալրվում»,- ասաց տրանսպորտի վարչության մասնագետը: Իսկ ավտոբուսները կայանված են Ջրվեժում՝ «Իկարուսների պարկում»:
Ի պատասխան հարցի, թե վարորդ աշխատելը, փաստորեն, այնքան էլ ձեռնտու չէ, Մուշեղ Բուռնուսուզյանը համաձայնեց՝ ասելով, որ ավտոբուսային ընկերությունները վնասով են աշխատում:
Չինական ավտոբուսների վարորդների վրա դրված «պլանը» տարբեր է. տարբեր երթուղիների համար տարբեր վարձավճարներ են սահմանված:
«Կա, որ 41 000 դրամ է, երթուղի կա՝ 27 000 է։ Նայած, թե ինչ երթուղի է»,- ասաց մեր զրուցակիցը:
Վերջինիս խոսքով, երթուղիների շահութաբերության ուսումնասիրությունը կատարվում է իրենց մասնագետների միջոցով, որոնք ամսվա մեջ տարբեր օրերի՝ տոնական, ոչ տոնական, ինչպես նաև տարբեր ժամերի՝ նստում են վարորդի կողքին և հետևում ուղևորահոսքին:
Նշենք, որ առաջին խմբաքանակով Հայաստան էր ներկրվել 249 չինական ավտոբուս:










