Վրաստանի ՆԳՆ մի շարք ղեկավարներ, այդ թվում և Մերաբիշվիլին, կեղծ անձնագրեր են ունեցել. Վրաստանի ՆԳՆ
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը վրաց-հայկական սահմանի անօրինական հատման փորձի փաստով նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի հանդեպ հարուցված քրեական գործի շրջանակներում հայտնաբերել է անձնագիր և անձը հաստատող վկայական, տրված ոմն Գորա Ծերեթելիի անունով, սակայն ՆԳՆ նախկին փոխնախարար Գեորգի Լորդկիպանիձեի լուսանկարով, հաղորդում է Грузия Online-ը:
«Գործի շրջանակներում քննությունը հարցաքննել է Գեորգի Լորդկիպանիձեին, ով հաստատել է, որ անձնագիրը և անձը հաստատող վկայականը իսկապես որոշ ժամանակ եղել են իր տրամադրության տակ, ինչպես նաև հաղորդել, որ համանման անձնագրեր այլ ժողովրդագրական տվյալներով կարող են լինել նաև ՆԳՆ այլ աշխատակիցների մոտ»,- ասվում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայության այսօր տարածած հայտարարության մեջ:
Վրացական ՆԳՆ-ն նաև նշում է, որ անձամբ նախկին ՆԳՆ նախարար և նախկին վարչապետ Մերաբիշվիլիի մոտ երկու անձնագրերի առկայությունը հաստատել է նաև նրա թիկնապահ Վանո Տուգուշին:
Грузия Online-ի փոխանցմամբ, թիկնապահի ցուցմունքների համաձայն, նա «անձամբ է երկու անձնագրերը փոխանցել Վանո Մերաբիշվիլիին»:










