Վրաստանում դատապարտված «ռուսական լրտեսներին» քաղբանտարկյալ են հայտարարել. ընդդիմությունը ցասման մեջ է
Վրաստանի խորհրդարանը այսօր հաստատել է քաղբանտարկյալների և քաղաքական հետապնդումների ենթարկված անձանց ցանկը, հաղորդում է Civil Georgia-ն:
Ցանկում տեղ են գտել անձինք, ովքեր դատապարտվել են Վրաստանի նախկին կառավարության կողմից, կամ ստիպված են եղել երկիրը լքել:
Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ներկայացրած ցանկում ներառվել են 190 «քաղբանտարկյալներ», և 25 «քաղաքական հետապնդման ենթարկվածներ»:
Քաղբանտարկյալների շարքում են դասվել, մասնավորապես «Էնվեր» լրտեսական գործով դատապարտված 11 քաղաքացիներ, ովքեր հօգուտ Ռուսաստանի լրտեսություն կատարելու մեղադրանքով 11-ից 14 տարի տևողությամբ ազատազրկման էին դատապարտվել:
Այդ գործով դատապարտվածների թվում կան և՜ Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիներ: Ըստ Новости-Грузия-ի տեղեկությունների, ցանկում տեղ է գտել, մասնավորապես, ՌԴ քաղաքացի Ռուսլան Սկրիլնիկովի անունը, ով 2011թ. դատապարտվել էր 14 տարի ազատազրկման: Այդ ժամանակ վրացական հատուկ ծառայությունները պնդում էին, որ Սկրիլնիկովը, ռուսական բանակի գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) և Վրաստանում ԳՀՎ գործակալների միջև կապ ապահովող կապավորն էր:
Քաղբանտարկյան են հայտարարվել նաև 20 նախկին զինծառայողներ, որոնք դատապարտվել են Թբիլիսիի մոտակայքի Մուխրովանի ռազմաբազայում ապստամբության փորձի մեղադրանքով, որը տեղի էր ունեցել 2009թ. գարնանը:
Խորհրդարանի հաստատած ցուցակում են հայտնվել նաև մի քանի ընդդիմադիրներ, որոնք ձերբակալվել են 2007թ. նոյեմբերի և 2011թ. մայիսի ցույցերի ժամանակ:
Վրաստանի խորհրդարանը հաստատված որոշման մեջ պարտավորվում է «սեղմ ժամկետներում» ապահովել ցանկում զետեղված անձանց ազատումը քրեական պատասխանատվությունից կամ ծայրահեղ դեպքում հնարավորություններ ապահովել, որ նրանք արդար դատական գործընթացից օգտվելու հնարավութուն ունենան:
Վրաստանի խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչ Չիօրա Տակտակիշվիլին, այս կապակցությամբ բարձրաձայնել է նախկին վարչակազմի տեսակետները` այս օրը անվանելով Վրաստանի պատմության ամենաամոթալի դրվագներից մեկը: Պատգամավորը տեսակետ է հայտնել, որ «ռուսական լրտեսներին քաղբանտարկյալ դարձնելը այն պատասխան քայլն է, որին որպես ազդանշան սպասում էր ՌԴ-ն», հաղորդում է Грузия Online-ը:
«Տվյալ հարցով մենք ապագայում ևս պետք է խոսենք` որպես Վրաստանի պատմության ամենաամոթալի դրվագի, երբ ինքնիշխան պետության խորհրդարանը որոշում կայացրերց, որով այն երկրի լրտեսները, որը գրավել է Աբխազիան, Սամաչաբլոն, որտեղից արտաքսել է կես մլն մարդ, այդ երկրի լրտեսներին քաղբանտարկյալների կարգավիճակ է շնորհվել», - հայտարարել է Տակտակիշվիլին և ավելացրել, որ հասարակությունը պետք է իմանա, թե ով է այս ամոթի քաղաքական պատասխանատվությունը ստանձնում:










