Ռաֆայելի «Առաքյալի գլուխը» նկարը Sotheby's-ում ռեկորդային գնով է վաճառվել
Ռաֆայել Սանտիի «Առաքյալի գլուխը» նկարը Լոնդոնի Sotheby's աճուրդում վաճառվել է ռեկորդային 29,7 մլն ֆունտ (47,8 մլն ԱՄՆ դոլար) գնով, հաղորդում է Agence France-Presse-ը:
Այս արդյունքով, «Առաքյալի գլուխը» նկարը դարձավ աճուրդով երբևէ վաճառված, թղթի վրա արված ամենաթանկ աշխատանքը:
Մինչև աճուրդի սկիզբը վաճառքների կազմակերպիչները նախատեսում էին Ռաֆայելի այդ ստեղծագործությունը վաճառել 10-15 մլն ֆունտով:
«Առաքյալի գլուխը» Ռաֆայելի էսքիզներից է, որը նա կատարել է «Պայծառակերպություն» (1516-1520) կտավի վրա աշխատելիս: Այդ աշխատանքը նկարիչը, տարածված կարծիքի համաձայն, չի հասցրել ավարտել մահվան պատճառով:
Ռաֆայելի հեղինակած «Առաքյալի գլուխը» աճուրդի էր հանվել Դևոնշիրյան դուքսի կողմից, ում տոհմում նկարը պահվում էր 17-րդ դարից: Նկարի համար ակտիվ պայքար էին տանում 4 գնորդներ: «Առաքյալի գլուխը» նկարի նոր սեփականատիրոջ անունը ավանդաբար գաղտնի է պահվում, հայտնի է միայն, որ նա աճուրդին մասնակցել է հեռախոսով:










