Ավարտվել է Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործի նախաքննությունը. սպանության շարժառիթը վրեժխնդրությունն էր
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է Կ. Եսայանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության կայքից, քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Հ. Սարգսյանը, ով համակրել է Գյումրու քաղաքապետ Վ. Ղուկասյանի դստերը` Մ. Ղուկասյանին, և ցանկացել է ամուսնանալ նրա հետ, տեղեկացել է, որ Մ. Ղուկասյանը պատրաստվում է ամուսնանալ այլ անձի հետ:
Իմանալով, որ 2012թ. ապրիլի 12-ին պետք է տեղի ունենա Մ. Ղուկասյանի և Կ. Եսայանի նշանադրությունը` Հ. Սարգսյանը որոշել է վրեժխնդիր լինել` Կ. Եսայանին սպանելու և նշանադրության արարողությունը խափանելու միջոցով:
Մասնավորապես` 2012թ. ապրիլի 12-ին Կ. Եսայանի հետ պայմանավորվել է հանդիպել «Մայր Հայաստան» հուշահամալիրին հարող ամայի տարածքում, որտեղ էլ Հ. Սարգսյանը 16 տրամաչափի ողորկափող հրազենից կրակել է Կ. Եսայանին, ով ստացած վնասվածքից մահացել է:
Կատարած հանցագործության հետքերը թաքցնելու և իր համար այլուրեքություն ստեղծելու նպատակով Հ. Սարգսյանը փոխել է ավտոմեքենայի արտասահմանյան համարանիշը և ուղևորվել Բավրա: Հատելով ՀՀ սահմանը` մեկնել է Վրաստանի Հանրապետություն, որտեղից էլ 3 ժամ անց վերադարձել Գյումրի:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է նաև, որ Հ. Սարգսյանը 2011թ. ընթացքում առանց պետական գրանցման իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն, այն է` ներմուծել և իրացրել է ավտոմեքենաներ, որի արդյունքում ստացված համախառն եկամուտը հարկային հաշվառումից դուրս է մնացել:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, պատժվում է ազատազրկմամբ՝6-12 տարի ժամկետով) և 188-րդ հոդվածի 1-ին մասով (Առանց պետական գրանցման կամ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը՝ զուգորդված՝ անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը զգալի վնաս պատճառելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով):
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Գլխավոր դատախազությունից հիշեցնում են նաև, որ հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի նեջ մտած դատավճռով:










