ԲՀԿ-ին ձեռնոց նետել կնշանակի պատերազմել միլիոնավոր հայաստանցիների դեմ. ԲՀԿ մամուլի խոսնակ

17:45 • 06.12.12

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ոչ կոռեկտ է համարում Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի պատասխանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը (տարածել էր ԲՀԿ մամուլի ծառայությունը), թե Հայաստանում անհնար է պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնականում կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում։ 


Տիգրան Ուրիխանյանը նաև զգուշացնում է, որ ԲՀԿ-ին ձեռնոց նետել կնշանակի պատերազմել միլիոնավոր հայաստանցիների դեմ:


«Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր որ փորձում են ձեռնոց նետել ԲՀԿ-ին, իմանան, որ ԲՀԿ-ն ներկայացնում է ոչ թե մեկ անձի, ոչ թե մեկ թիմի, ոչ թե նույնիսկ կուսակցական զանգվածի, այլ Հայաստանի Հանրապետության 99,99%-ով բնակիչների մոտեցումները, հետաքրքրություններն ու շահերը, և եթե պատերազմել ԲՀԿ-ի հետ՝ կնշանակի պատերազմել միլիոնավոր մարդկանց հետ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:


Հիշեցնենք, որ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի այդ հայտարարությունը Tert.am—ի հետ զրույցում ասել է, որ «ուղղակի ամոթ է նման բովանդակությամբ հաղորդագրություն տարածելն ու դրա առկայությունը: Հստակ երևում է, որ դա ներքին լսարանի համար պատրաստված թատերական ներկայացում է»,- Tert.am-ի հետ զրույցում ասել էր նա:


Ավելին, ՀՀԿ խոսնակը նկատել էր, թե այդ «թատերական ներկայացման առաջին հարվածը հենց ԲՀԿ-ի և նրա ղեկավարի վրա է ընկնում»: «Որովհետև ամեն ինչ չէ, որ կարելի է ասել և ամեն ինչ չէ, որ արդարացված է»,- ընդգծել էր նա և ավելացրել, որ նույն այցի հետ կապված իրենք էլ շատ ասելիքներ ունեին, բայց չէին ասում, քանի որ միշտ չէ, որ ասելը օգուտ է:


Տիգրան Ուրիխանյանը Էդուարդ Շարմազանովին զգուշացնում է, որ ԲՀԿ ղեկավարի մասին ցանկացած ոչ կոռեկտ արտահայտություն արժանանում է միլիոնավոր հայաստանցիների կոշտ և վիրավորական արտահայտություններին:


«Ոչ կոռեկտ գնահատականների վերաբերյալ ուզում եմ բերել հետևյալ նկատառումս. ԲՀԿ առաջնորդի գործողություններին, արտահայտություններին, խոսքերին, մտքերին նման արտահայտություններ հնչեցնող մարդկանց վերաբերյալ միլիոնավոր հայաստանցիներ կոշտ և վիրավորական արտահայտություններ են անում սովորաբար: Բա հիմա ո՞նց ա լինելու»,- ասաց նա: