Վիեննայում ավտոբուսի վարորդը վերադարձրել է ուղևորուհու 390 հազար եվրոն

18:27 • 06.12.12

Վիեննայում ավտոբուսի վարորդը վերադարձրել է 390 հազար եվրո գումարը, որը մոռացել է ծեր թոշակառուն, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։

 

Ստուգելով ավտոբուսի սրահը՝ 51-ամյա վարորդը նկատել է մի փաթեթ։

«Ես մտածեցի, որ դա ինչ-որ մեկի գնումներն են կամ դեղեր»,- խոստովանել է վարորդը։

Սակայն բացելով այն՝ հայտնաբերել է 390 հազար եվրո։ Մոռացված փաթեթում, բացի մեծ գումարից, եղել են նաև ծեր կնոջ փաստաթղթերը։ Պարզվել է, որ 390 հազար եվրոն կնոջ բոլոր խնայողություններն են, որոնք նա հանել էր իր բանկային հաշվեհամարից և ցանկանում էր տանել տուն։

 

Վարորդը դիմել է իր ղեկավարությանը։ Շուտով գումարի տիրուհին հայտնաբերվել է և ստացել խնայողությունները։


Դեպքը պատահել է նոյեմբերին, սակայն իրավապահ մարմինները և տրանսպորտային ընկերության աշխատակիցները միայն հիմա են տարածել տեղեկությունը։ Ընկերությունից հայտնել են, որ հպարտանում են իրենց ազնիվ աշխատակցով։