«Հակահարված» art-ի տղաներն ազատ են, նրանց նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն

15:49 • 07.12.12

Ոստիկանության Մարաշի բաժանմունք այսօր առավոտյան բերված «Հակահարված» art խմբի անդամներ՝ Հերբերտ Գևորգյանը, Թաթուլ Սարոյանը և Արտակ Գևորգյանը ոստիկանության բաժանմունքից դուրս են եկել՝ վերջիններիս իրականացրած գործողությունների համար վարչական իրավախախտման արձանագրություն կազմելուց հետո:


Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ տեղեկացնելով, որ տղաները բերվել էին Երևանի պետական տնտեսագիտական համալսարանին հարակից ստորգետնյա անցումից։


Կազմվել է արձանագրություն՝ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 172-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին համապատասխան:


Հիշեցնենք, որ «Հակահարված» art նախաձեռնության մի խումբ անդամներ օրեր առաջ փորձել էին ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողներին իրազեկել երկրում ձևավորված «բռնապետական ռեժիմի, քաղբանտարկյալների առկայության, ապօրինի դատավարությունների եւ այլ անօրինականությունների մասին», որը ճնշվել էր։


Խմբի տղաներից Արեգ Գալստյանը ֆեյսբուքյան իր անձնական էջում մի քանի ժամ առաջ կատարել էր հետևյալ գրառումը. «Շտապ։ Բերման ենթարկված «Հակահարվածի» տղաներին այժմ առանձնացրել են, նրանց պահում են առանձին-առանձին, տարբեր սենյակներում: Հենց նոր ժամանեց 02-ի տեսախցիկը: Ամենայն հավանականությամբ, ոստիկանապետի պաշտոնում հայտնված Վլադիմիր Գասպարյանը պատրաստվում է հերթական շոուն նկարահանել»:


Ավելի ուշ նա դարձյալ տեղեկացրել է. ««Հակահարվածի» տղաներն ազատ են:


14:00-ին կհանդիպենք դատախազության դիմաց: ՀԱԿ երիտասարդները դեռ դատապարտված են ազատազրկման...»։