Հրատարակչության շենքի մոտ ապօրինի սրճարան է կառուցվում. Արմեն Պողոսյանը
«Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանն ահազանգում է Երևանի հրատարակչության շենքի հարևանությամբ կառուցվող հերթական անօրինական շինության մասին, որը կրկին կառուցվում է կանաչ տարածքի հաշվին:
«Շենքի դիմաց՝ Հակոբ Մեղապարտի արձանի հարևանությամբ, արդեն երևում է հանցագործի ձեռագիրը, քանի որ տարածքը կապույտ լաթով փակել են, որ չտեսնենք, թե ինչ են անում»,- Tert.am-ին ասաց նա՝ վստահեցնելով, որ սրճարան են կառուցում:
Պողոսյանի խոսքով՝ եթե նույնիսկ տարածքը կառուցապատելու համար կա կնիք և ստորագրություն, միևնույն է, դա իրենց համար անօրինականություն է: «Հերթական անօրինականությունն է: Այդ տարածքում մեկ սրճարան կա, և հիմա դրա սիմետրիկն է կառուցվում»,- նշեց նա:
Նշենք, որ սրճարան կառուցելու համար հատկացվող հողատարածքն օրենքով պետք է 30%-ով կառուցապատվի, և մնացածը պետք է խնամվի: Սպառողների ասոցիացիայի նախագահի կարծիքով, մեզ մոտ հակառակն է կատարվում։










